Թաիլանդի հանգուցյալ թագավոր Փհումիպհոն Ադուլյադետի բուդդայական լվացման արարողությունը կկատարի գահի ժառանգորդը՝ արքայազն Մահա Վաթչիրալոնգկոն Մահիդոլը: Այս մասին հայտնում է Bangkok Post-ը՝ վկայակոչելով թագավորական տան հաղորդագրությունը:
Արարողությունը տեղի կունենա երեկոյան, Թագավորական մեծ պալատի տարածքում: Մինչեւ կեսօր հանրության համար բաց կլինի Սիրիրատ հիվանդանոցը, որտեղ է վերջին տարիներին միապետն ապրել եւ վախճանվել: Այնտեղ տեղադրված է հանգուցյալ միպետի դիմանկարը, որի մոտ ուրբաթ առավոտից տեղի է ունենում խորհրդանշական լվացման արարողություն: Այս խորհրդանշական արարողությանը հասարակությունը կարող է մասնակցել առանց սահմանափակման, այն նախորդում է պաշտոնականին, որին մասնակցում են թագավորական ընտանիքի անդամները եւ երկրի բարձրագույն ղեկավարությունը:
Կեսօրից հետո արքայազնը հիվանդանոցից հանգուցյալին ուղեկցող սգո երթը կառաջնորդի դեպի Թագավորական մեծ պալատի եւ Զմրուխտե Բուդդայի տաճարի տարածք: Ամբողջ ճանապարհին մարդիկ քաղաքի փողոցներում ազատորեն կհետեւեն երթին՝ մեկ պայմանի պահպանմամբ. նրանց հագուստն ամբողջությամբ սեւ պետք է լինի:
Թաիլանդի բուդդայական ավանդույթի համաձայն՝ հանգուցյալի լվացման արարողությունը բուդդայական հրաժեշտի արարողություններից առաջինն է, որը կատարվում է հանգուցյալի մահվան պահից մինչեւ նրա դիակիզումը: Ըստ թաիլանդական ավանդույթի՝ միապետների աճյունը բալզամապատվում է հրաժեշտի սգո միջոցառումների ընթացքում, որը կարող է մի քանի տարի տեւել, որից հետո նոր տեղի է ունենում դիակիզման արարողությունը: Թաիլանդի նախորդ միապետի՝ 1946 թվականին վախճանված Անանդ Մահիդոլի, որը Ադուլյադետի ավագ եղբայրն էր, դիակիզումը կատարվել է 1950 թվականին:




























