Ռուսաստանում Հյուսիսային Օսիայի տարածքում Մոսկվա - Երևան վթարի ենթարկված Mecedes մակնիշի, 50 AA 515 համարանիշի ավտոբուսի սեփականատերը Կարեն (Յուրա) Պողոսյանն է։ Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների ավտոբուսի երկու վարորդներն էլ մահացել են:

Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմանում, ՌԴ տարածքում` Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին Մոսկվա-Երեւան երթուղու «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 համարանիշի ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին: Վլադիկավկազի վարչակազմից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ ավտովթարից տուժել է 32 մարդ, մահացել է 5-ը: Տուժածների թվում 4-ը երեխաներ են: Նրանցից մեկի վիճակը ծանր է:

Վլադիկավկազ քաղաքի վարչակազմից NEWS.am-ին հայտնել են, որ տուժածների մի մեծ մասը դուրս է գրվել, այս պահին քաղաքի հիվանդանոցներում կա 9 մարդ:  Ավտոբուսի այն ուղեւորները, որոնց կարելի է տեղափոխել, Ռուսաստանի ԱԻՆ-ի օդանավով այսօր կտեղափոխվեն Երեւան: Նրանց տեղափոխող ավտոբուսն արդեն ճանապարհին է:

Հյուսիսային Օսիայում՝ Բեսլանի մշակույթի տանը, ստեղծվել է ժամանակավոր տեղակայման կետ, որտեղ կտեղավորեն այն ուղեւորներին, որոնց բժշկական օգնություն չի պահանջվում։