Մենք գործընկերներ ենք Եվրասիական տարածաշրջանում, եւ կարծում եմ՝ համատեղ աշխատանքի մեծ ներուժ ունենք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Երեւանում Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաեւի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ 2016 թվականը խորհրդանշական տարի է Հայաստանի եւ Ղազախստանի համար, քանի որ երկու երկրները տոնում են անկախության 25-ամյակը:

«Մենք գործընկերներ ենք Եվրասիական տարածաշրջանում, եւ կարծում եմ՝ համատեղ աշխատանքի մեծ ներուժ ունենք: Կցանկանայի հավաստիացնել, որ մենք բաց ենք համագործակցության համար, եւ այսօրվա հանդիպումը լավ առիթ է առաջ շարժվելու ուղղությունները նախանշելու համար», - ասել է Կարեն Կարապետյանը:

Ղազախստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար եւ նշել, որ Ղազախստանը կարեւոր նշանակություն է տալիս Հայաստանի հետ համագործակցության զարգացմանը: «Մենք փոխշահավետ կառուցողական երկխոսություն ունենք բոլոր մակարդակներում, եւ հատկապես սերտ գործակցություն է ծավալվում Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Մենք ունենք ցանկություն եւ հնարավորություն՝ նոր մակարդակի բարձրացնել երկկողմ միջպետական եւ տնտեսական հարաբերությունները», - ասել է Բակիտժան Սագինտաեւը:

Հայաստանի եւ Ղազախստանի վարչապետները քննարկել են  առեւտրատնտեսական կապերի խորացմանը վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀ նոր կառավարությունը որդեգրել է օտարերկրյա ներդրումների ներգրավումը խթանող քաղաքականություն եւ կոնկրետ քայլեր է ձեռնարկում արտաքին ներդրողների համար բարենպաստ բիզնես միջավայրի ձեւավորման ուղղությամբ: Բակիտժան Սագինտաեւը ողջունել է ՀՀ կառավարության՝ արտասահմանյան ներդրողների գործունեության համար նպաստավոր դաշտ ստեղծելու պատրաստակամությունը եւ ընդգծել, որ դա լավ ազդանշան է եւ հնարավորություն՝ նաեւ հայ-ղազախական գործարար կապերի զարգացման համար:

Երկու երկրների վարչապետները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՏՄ-ի շրջանակում գյուղատնտեսության, զբոսաշրջության, օդային հաղորդակցության, էներգետիկայի բնագավառներում համագործակցության ընդլայնման, ապրանքաշրջանառության ծավալի ավելացման շուրջ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ պետք է առավել ինտենսիվացնել Հայաստանի Հանրապետության եւ Ղազախստանի Հանրապետության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները:

Կողմերն առանձնակի կարեւորել են հայ-ղազախական գործարար կապերի աշխուժացումը եւ քննարկել այդ նպատակով համատեղ բիզնես ֆորումի, էքսպո-ցուցահանդեսի կազմակերպմանն առնչվող հարցեր: ՀՀ վարչապետի խոսքով՝ միջկառավարական հանձնաժողովը, գործարար համաժողովներն ու էքսպո-ցուցահանդեսները լավ հարթակ են բիզնես կապերի խթանման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային նախաձեռնությունների համար: