Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիները հատուկ չվերթով տեղափոխվել են Երեւան։

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը Facebook-ի իր էջում գրել է, թե «Զվարթնոց» օդանավակայանում նրանց սպասող շտապբուժօգնության բրիգադները 8 վիրավորի տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Նշենք, որ բոլորը Վլադիկովկասի հիվանդանոցներում ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն։ Բժշկական կենտրոն է դիմել եւս 3 տուժած։

Հիվանդանոցում գտնվող 11 քաղաքացիներն այժմ լաբորատոր եւ գործիքային հետազոտություններ են անցնում։ Տուժածների բուժման ընթացքը ՀՀ առողջապահության նախարարի ուշադրության ներքո է:

Երեւանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնության» մասնագետները 50-ամյա տուժածին օդանավակայանում անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո տուն են ուղարկել։