Եթե մարդը ընտանեկան կյանքում անընդհատ սթրես է զգում, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Միչիգանի համալսարանի մասնագետները պարզել են, որ ընտանեկան խնդիրները կարող են բազմաթիվ բացասական հետեւանքներ ունենալ, որոնցից մեկն էլ ավելորդ քաշն է, գրում է Innov պորտալը։

Գիտնականները լայնածավալ հետազոտություն են իրականացրել, որը պատկերավոր կերպով ցույց է տվել, որ ավելի քան մեկ տարի տեւող նյարդային լարվածությունը համարժեք է քրոնիկ սթրեսի։ Եթե մարդիկ չեն կարողանում լիցաքաթափվել նույնիսկ ընտանեկան միջավայրում, դա կարող է դժվարություններ առաջացնել կյանքի նաեւ մյուս ոլորտներում։ Շատ հաճախ, զույգի հարաբերություններում առկա խնդիրները բարդացնում են նրանց ֆինանսական վիճակը, աշխատանքն ու երեխաների հետ հարաբերությունները։

Փորձին մասնակցել են բազմաթիվ զույգեր, որոնք առնվազն 34 տարի ամուսնացած են։ Արդյունքում պարզվել է, որ որքան բարձր է ամուսինների մոտ սթրեսի մակարդակը, այդքան մեծ է ավելորդ քաշի առաջացման հավանականությունը։ Կանանց մոտ այդ հավանականությունը բարձր է 64 տոկոսով, իսկ տղամարդկանց մոտ՝ 59 տոկոսով։

Մասնագետները շեշտել են, որ մշտական սթրեսների բացասական հետեւանքները իրենց զգացնել են տալիս նույնիսկ ամուսնալուծությունից հետո։ Իրականում կարելի է շատ արագ հասկանալ, որ այս կամ այն մարդու հետ հարաբերությունները բացասաբար են ազդում  ֆիզիկական ու հոգեբանական ինքնազգացողության վրա։