Թերթը նշում է, որ այն ուշագրավ կերպարանափոխումները, որ տեղի ունեցան ադրբեջանական քարոզչամեքենայի պահվածքի մեջ՝ հոկտեմբերի 16-ին Գորիսում Սփյուռքի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթից հետո, արժանի են հատուկ քննության:
«Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի գորիսյան ելույթի «առանցքում» նախօրեին Իլհամ Ալիեւի «պատմագիտական հայտնագործություններին» տրված պատասխաններն էին:
Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Հայաստանը ձեւավորվել է «Ադրբեջանի պատմական հողերի վրա» ընդ որում որպես այդ ամենի «ապացույցներ» սոսկ վկայաբերել «Ղարաբաղ» ու «Խանքենդի» անվանումները: Նախկինում թվում էր, թե Ադրբեջանից հնչող ամեն մի կեղծարարությանը պատասխան տալը պատիվ չի բերում հայկական կողմին:
Այդպես մտածելով, ինքներս էլ չնկատեցինք, թե ինչպես են ադրբեջանական հրատարակությունները իրենց պատմաշինարարությամբ հեղեղել տարբեր երկրների գրախանութները՝ հայկական կողմի պասիվության պատճառով առաջ բերելով մեր բարեկամների զարմանքն ու տարակուսանքը:
Ուստի հասնելու էր այն պահը, երբ հայկական կողմը ոչ միայն մասնագետ պատմաբանների միջոցով, այլեւ ամենաբարձր մակարդակով պատասխանելու էր պետական մակարդակի բարձրացված ադրբեջանական ցնդաբանություններին, որոնք փաստորեն ոչնչով չեն տարբերվում հարեւան ժողովուրդների հանդեպ ատելություն սերմանելու նպատակով ժամանակին ֆաշիստական Գերմանիայի տարածած կաղապարներից:
Ու դրանից հետո թվում էր, թե, ուր որ է, ահա ադրբեջանցի հայտնի կեղծարարները, որոնք վերջին տարիներին պետության պատվերով տոննաներով «պատմագիտական» ու «քաղաքագիտական» գրականություն են ստեղծել՝ Հայաստանի ու Արցախի պատմության ու Ղարաբաղյան հակամարտության պատմական ակունքների վերաբերյալ, միահամուռ հարձակման կանցնեն այն պարզ, բայց ճշգրիտ հարցադրումների դեմ, որոնք տեղ էին գտել նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում:
Բայց հոկտեմբերի 16-ից հետո մեր բոլոր փորձերը` պարբերաբար տարածաշրջանի պատմության նենգափոխմամբ զբաղվող ադրբեջանական հայտնի կայքէջերում գտնել Ս.Սարգսյանի ելույթում տեղ գտած պատմական փաստերի հերքման որեւէ, թեկուզ աննշան փորձ, այդպես էլ արդյունք չտվեցին: Ոչ ոք չփորձեց հերքել, որ Արցախ անունը մի քանի հազարամյակների պատմություն ունի, որ Ստեփանակերտը ոչ թե «Խանքենդին» է, այլ պատմական Վարարակնը, եւ այլն, եւ այլն:
Հարց է առաջանում. Ինչո՞ւ այդպես «բերանները ջուր առան» ադրբեջանական պատմագրության ու քաղաքագիտության «կորիֆեյները»՝ մամեդովաները, անարները, մուսաբեկովները՝ այդ «բեկերն» ու «խաները»,- գրում է թերթը:





























