Չինաստանը 946.3 մլրդ յուան՝ 140 մրդ դոլար կծախսի 2020 թվականին երկրի քիչ բնակեցված շրջանների աղքատ բնակիչներին վերաբնակեցնելու ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտնել է Չինաստանի ազգային զարգացման եւ բարեփոխումների հանձնաժողովը, փոխանցում է BBC-ն:

Ֆինանսավորումը կտրամադրեն պետությանը պատկանող՝ Չինաստանի զարգացման բանկն ու Չինաստանի գյուղատնտեսական զարգացման բանկը: Միջոցները ծախսվելու են տների եւ ենթակառուցվածքների շինարարության համար: Գումարի մի մասը կհատկացվի ազատված հողերի մշակման համար:

Զանգվածային վերաբնակեցումը Չինաստանի պետական ծրագրի մի մասն է, որի նպատակը մինչեւ 2020 թվականը երկրի 10 մլն ամենաաղքատ բնակիչների կենսամակարդակի բարձրացումն է: Ակնկալվում է, որ դժվարամատչելի շրջաններից 2 մլն մարդ արդեն այս տարի կտեղափոխվի Չինաստանի առավել բնակեցված շրջաններ: