Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու մտքից թեեւ վախեցած է, սակայն ոչ սարսափած: Փոխարենը Գալուստ Սահակյանն ազատված է ընտրողների քվեին չարժանանալու բոլոր վախերից: Թեմայի շուրջ NEWS.am-ը զրուցել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ:
Պարոն Սահակյան, Ազգային ժողովում քննարկվում է 2017-ի բյուջեն, որը կառավարությունը բնութագրում է որպես ոչ թե առաջընթացի, այլ կայունության բյուջե, նախատեսված չէ անգամ թոշակների եւ աշխատավարձերի բարձրացում: Այս պարագայում առաջիկա խորհրդարանական ընտրություններին ինչպե՞ս պիտի իշխանությունը ստանա քաղաքացու վստահության քվեն:
Իշխանությունը ներկայացնում է այն, ինչ կա, ոչ մի սխալ քայլ չի անում: Այն, ինչը որ կա բյուջեում, դա ներկայացնում են հասարակությանը, եթե բյուջեն շատ մեծ լիներ, կլիներ նաեւ Ձեր ասած հարցը:
Բայց ՀՀԿ-ն կառավարություն փոխեց տնտեսական, սոցիալական կյանքը բարելավվելու խոստումով...
Ես չեմ կարծում, որ երբեւիցէ, որ կառավարություն ենք փոխում, թիմի վստահության խնդիրն է: Կառավարությունները փոխվում են մեկը մյուսի հետեւից, որպեսզի երկրում մի փոքրիկ լուման ավելի բարձր լինի...
Քաղաքացին ինչո՞ւ պիտի ձայն տա Հանրապետական կուսակցությանը, որը նույնիսկ թոշակը մի փոքր բարձրացնելով չի կարողանում աջակցել իր քաղաքացուն։
Քաղաքացին մեզ ձայն չտա, կտա մեկ ուրիշի, ես կարծում եմ՝ վստահության քվեն մեզ համար շատ մեծ դժվարություն չի առաջացնելու, խնդիրներ չեմ տեսնում այն իմաստով, որ ամենակարեւորը նա է, որ եղած միջոցները պետության բյուջեի տեսքով որոշակիորեն նպաստի քաղաքացիների հետագա գործունեությանը:
Մի ցուցանիշ կարող եք նշել, որի համար ՀՀԿ-ին ձայն տան:
Եթե ընտրողը այնպիսին է, որ Ձեր մտածողությամբ է մտածում, ոչ թե ինձ կընտրի, մեզ կընտրի, այլ մեկ ուրիշին կընտրի:
Պարոն Սահակյան, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրերս հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մտադրության մասին, ինչպե՞ս եք վերաբերում նրա վերադարձին:
Քաղաքական պրոցեսներում չի կարելի անընդհատ կրկնել ու ինչ-որ բան փնտրել... Ցանկացած մարդ կարող է զբաղվել քաղաքականությամբ...
Բայց Ձեր կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը հայտնի ելույթում Ծառուկյան քաղաքական դերակատարին համարել էր չարիք եւ շեշտել, որ կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Հիմա չարիք համարո՞ւմ եք քաղաքականություն վերադարձող Ծառուկյանին:
Դուք ուզում եք՝ ես ինչ որ ուսումնասիրություններ ներկայացնեմ, կարծում եմ՝ չարժի էստեղ որեւէ ուսումնասիրություն... քաղաքական պրոցեսն այնպիսին է, որ ինքը շարժման գործողություն է, եւ այդ շարժման մեջ ամեն ինչ կարող է լինել: Չարիք ենք ասել ոչ թե մարդկանց մերժելու կամ եսիմ ինչ, այլ քաղաքական պրոցեսների առումով որոշակի խնդիրներ են եղել, հիմա անընդհատ խնդիրը բերում եք...
ՀՀԿ ղեկավարը ասել էր՝ կրկեսի վերածելու հայրենիք չունենք...
Դուք Ձեր տեսակետն եք ասում...
Սերժ Սարգսյանի տեսակետն էր...
Իմ տեսակետը եւ նաեւ Սերժ Սարգսյանի տեսակետը լրիվ այլ է... ինչ որ էսօր Դուք ներկայացնում եք, առավել եւս դեռեւս պարոն Ծառուկյանից երբեւիցէ չենք լսել, որ գալիս է քաղաքականություն, չի հայտարարել, նման խնդիր գոյություն չունի, եթե այդ մասին հայտարարի, նա մեր պետության լավագույն քաղաքացիներից մեկն է, նա էլ ուզում է մասնակցել քաղաքականությանը:
Այդ լավագույն քաղաքացուն 2015-ին քաղաքականությունից հեռացրիք՝ ասելով, որ իր տեղը բիզնեսի, սպորտի ոլորտն է, բայց ոչ քաղաքականությունը...
Եթե Դուք մտածում եք էդպես, ուրեմն չի լինի Հանրապետականը, կլինի մի ուրիշը եթե Ձեր մտածողությունն է...
Ամեն դեպքում, Ծառուկյանի վերադարձը իշխանության համար սպառնալից, վախեցնող չէ՞:
Ծառուկյանի, բոլոր քաղաքական ուժերի վերադարձը մեզ վախեցնում է, բայց երբեք չի սարսափեցնի:




























