Անալոգային հեռուստահեռարձակումից թվայինի անցնելու ավարտական փուլում՝ հիմնականում անալոգային հեռարձակման անջատումից հետո, բնակչության կողմից ահազանգեր են հնչում՝ կապված ընդունիչ սարքերի, հեռարձակման որակի, անվճար տրամադրվող սարքերի եւ մի շարք այլ խնդիրների շուրջ։

Այս առնչությամբ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հանդես է եկել պարզաբանումներով, որտեղ նշում է.

«Հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲ ընկերության տնօրեն Գրիգոր Ամալյանը ահազանգերին ի պատասխան պարզաբանեց, որ ընկերության թեժ գծով ստացված զանգերը հիմնականում պայմանավորված են մի քանի հանգամանքներով. ոչ բոլոր քաղաքացիներն են կարողանում ընդունիչ սարքերը ճիշտ կարգավորել, կամ էլ անորակ ալեհավաքների ու հաղորդալարերի պատճառով դրանք չեն միանում։

ՀՀՌՑ ընկերության մասնագետների կողմից տրված ցուցումներից հետո սարքերը հիմնականում նորմալ աշխատում են։

Հաջորդ խնդիրը կապված է այն քաղաքացիներ հետ, որոնք պաշտոնապես ներգրավված չեն սոցիալական անապահովություն ունեցողների ցանկում, բայց իրենց անապահով են համարում եւ ցանկանում են անվճար կցորդ սարք ստանալ։

Այս խնդրի համար պատասխանատու պետական լիազոր մարմինը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է, ուստի ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը որեւէ լիազորություն չունի եւ չի կարող լուծում տալ խնդրին։

Ինչ վերաբերում է պետության կողմից տրամադրված սարքերի որակին եւ անսարքության դեպքերին, ապա անվճար տրամադրված սարքերը ներկրող կազմակերպության հետ կնքված պայմանագրի համաձայն՝ նրանք պետք է 1 տարվա երաշխիքային սպասարկում իրականացնեն եւ հանրապետության բոլոր մարզերում ունենան իրենց սպասարկման կետերը։ Սա նշանակում է, որ եթե սարքը մինչեւ 1 տարին լրանալը խափանվել է կամ վատ է աշխատում, իսկ ապրանքը ներկրող ընկերությունը 5-օրյա ժամկետում չի կարողանում սարքի թերությունը վերացնել, ապա պարտավոր է քաղաքացուն նոր կցորդ սարք տրամադրել։

Կցորդ սարքերի տուփերի մեջ երաշխիքային կտրոնների հետ գտնվում են նաեւ այն հասցեները, որոնցով նման դեպքերում պետք է դիմել։

«Մենք ինքներս հետաքրքրված ենք այդ խնդրով, ներկրող կազմակերպությանը ժամանակ առ ժամանակ հարցում ենք անում։ Շատ չնչին տոկոս են կազմում հետդարձի համար դիմելու դեպքերը։ Այդ սարքերը տեխնիկապես շատ բարձր որակ ունեն եւ կտրոններով վերապահված իրավունքով շատ քիչ քաղաքացիներ են ներկրող կազմակերպությանը դիմել»,- ասաց ՀՀՌՑ ընկերության գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը։

ՀՀ տարածքում թվային հեռուստահեռարձակման տեխնիկական որակն ատեստավորված է միջազգային չափանիշներով։ Այդ ուղղությամբ մշտապես իրականացվող մոնիտորինգը փաստում է, որ այն բարձր որակի է։

Գ. Ամալյանը նշեց, որ որակական խնդիրներ կարող են առաջանալ անորակ կցուրդ սարքերի, հին հեռուստացույցների, ալեհավաքների, միացման հաղորդալարերի պատճառով։

Անդրադառնալով լրագրողների կողմից բարձրացված այն խնդիրին, թե եղել են քաղաքացիներ, որոնք սոցիալական անապահովություն ունեցողների ցանկում ընդգրկված լինելով անվճար սարք չեն ստացել, Գրիգոր Ամալյանը մեկ անգամ եւս հորդորեց նման դեպքում անմիջապես զանգահարել ՀՀՌՑ ընկերության թեժ գծին ՝ 010.65-37-87 եւ 87-97 հեռախոսահամարներով»: