Հիլարի Քլինթոնը ներողություն է խնդրել իր կողմնակիցներից նախագահական ընտրություններում ցավալի պարտության համար ու նրանց կոչ է արել անկողմնապահ գնահատել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին Քլինթոնը հայտնել է իր պարտությունից հետո Նյու Յորքում իր կողմնակիցների առաջ ելույթում, փոխանցում է Politico–ն։
«Դա ցավալի էր ու դեռ երկար ժամանակ ցավալի կլինի։ Բայց ես ուզում եմ, որ դուք հիշեք, որ մեր նախընտրական քարոզչությունը կենտրոնացած չի եղել մի մարդու կամ ընտրությունների վրա։ Խոսքը երկրի մասին էր, որը մենք սիրում ենք, Ամերիկայի շինարարութան մասին, լիահույս ու մեծ սրտով»,- ասել է Քլինթոնը՝ հավելելով, որ միշտ հավատացել է ու հավատալու է այդ երկրին, կոչ անելով հետեւել իր օրինակին ու աջակցել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին։ «Մենք տեսանք, որ մեր երկիրն ավելի շատ է պառակտված, քան մենք կարծում էինք։ Բայց ես միեւնույն է հավատում եմ Ամերիկային ու միշտ էլ կհավատամ։ Եթե դուք հավատում եք, ապա պետք է ընդունեք այդ արդյունքները ու նայեք դեպի ապագա։ Դոնալդ Թրամփը մեր նախագահն է դառնալու։ Մենք պարտավոր ենք անկողմնապահ մոտեցում դրսեւորել ու նրան հնարավորություն տալ»,- ասել է նա։
Քլինթոնը իր բոլոր հիասթափված կողմնակիցներին կոչ է արել չհանձնվել։ «Ես ունեցել եմ հաջողություններ ու անհաջողություններ։ Դրանցից մի քանիսը երբեմն իրոք ցավալի էին։ Ձեզնից շատերը իրենց մասնագիտական հասարակական ու քաղաքական կարիերան նոր են սկսում։ Դուք նույնպես կունենաք ձեռքբերումներ ու կորուստներ։ Այս անհաջողությունը ցավ է պատճառել, բայց խնդրում եմ ՝ մի դադարեք հավատալ ու պայքարել հանուն նրա, ինչը ճիշտ եք համարում»։




























