Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ։ Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ն Իսրայելից ավելի հուսալի գործընկեր ու դաշնակից չունի։ Դոնալդ Թրամփն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Իսրայելի վարչապետին շնորհավորանքի համար ու նրան հրավիրել ամենամոտ ապագայում ԱՄՆ այցելել։ Նեթանյահուի գրասենյակը զրույցը բնութագրել է, որպես «երկար տարիներ իրար ճանաչող երկու առաջնորդների ջերմ ու բարեկամական զրույց», հայտնում է Newsru-ն. 

Նոյեմբերի 9-ի երեկոյան վարչապետ Նեթանյահուն Facebook սոցցանցում հրապարակել էր տեսահոլովակ Դոնալդ Թրամփին հասցեագրված շնորհավորանքով։ «Ընտրված նախագահ, իմ ընկեր Դոնալդ Թրա՛մփ, շնորհավորում եմ ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Դուք Իսրայելի լավ բարեկամն եք։ Տարիներ շարունակ Դուք սիստեմատիկ կերպով աջակցություն եք ցուցաբերում, ու ես շատ եմ գնահատում դա։ Մենք միասին ենք գործելու անվտանգությանը, բարգավաճմանն ու խաղաղությանը նպաստելու համար։ Իսրայելը շնորհակալ է Ամերիկայի ժողովրդին աջակցության համար,- ասվում էր ուղերձում,- Ես վստահ եմ, որ համատեղ աշխատելով, մենք մեր երկրների միջեւ ամուր դաշինքը նոր մակարդակ կբարձրացնենք։ Աստված թող օրհնի Ամերիկան, թող օրհնի Իսրայելը, թող օրհնի մեր երկրների միջեւ միությունը»։