Նավթի գների վրա կարող է ազդել Սիրիայի շուրջ Ռուսաստանի հետ համագործակցության հնարավորությունների մասին Դոնալդ Թրամփի դիրքորոշումը։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին ասել է Պլեխանովի անվան համալսարանի քաղաքական էկոնոմիայի կաֆեդրայի վարիչ Ռուսլան Դզարասովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նորընտիր նախագահի կառավարման հնարավոր հետեւանքները նավթի համաշխարհային շուկայի վրա։

Ավելի վաղ Թրամփը Չինաստանի մասին ավելի ագրեսիվ է արտահայտվել, քան Քլինթոնը, հիշեցրել է փորձագետը։ Դեմոկրատների թեկնածուն պահպանողական էր ու կողմ էր արտահայտվում Օբամայի քաղաքականության շարունակմանը։ Իսկ Թրամփը հայտնել էր, որ Չինաստանին պետք է սահմանափակել ու հնարավորության դեպքում մեկուսացնել միջազգային ասպարեզում։

Հետեւաբար, կարելի է ենթադրել, որ հիմա ԱՄՆ-ն կցանկանա Չինաստանից կտրել Ռուսաստանին եւ հանուն դրա նաեւ նրա հետ փոխզիջման գնալ Մերձավոր արեւելքի հարցում։ Դա բացի ամենայնից, թույլ կտա ընդլայնել ազդեցությունը նավթի շուկայի վրա։ Մերձավոր արեւելքում եւս մեկ կարեւոր գործոն է Թրամփի մոտեցումը Սաուդյան Արաբիայի հետ հակասական հարաբերությունների հարցում։ Սաուդյան Արաբիան դժգոհ է Թեհրանի նկատմամբ Վաշինգթոնի քաղաքականության մեղմացումից ու պատժամիջոցների չեղարկումից։

Դզարասովի խոսքով, Իրանի հարցում ԱՄՆ-ն ակնհայտորեն փորձել է առանձնացնել իր սեփական շահերը Սաուդյան Արաբիայի շահերից, ու սաուդիտները դա գնահատել է որպես դավաճանություն։ Դրանով կարող են պայմանավորված լինել նավթի գները նվազեցնելու ՝ Էր Ռիյադի փորձերը ՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն դրանից ավելի շատ կտուժեր, քանի որ Նահանգներում թերթաքարային նավթի արդյունահանման ինքնարժեքը նկատելիորեն բարձր է, քան Սաուդյան Արաբիայում սովորական նավթինը (40-50 դոլար մոտ 10 դոլարի համեմատ)։

Ինչ վերաբերում է ԱՄՆ ներքին գործոններին, ապա Թրամփին, ի տարբերություն Քլինթոնի, ընդունված է համարել իրական սեկտորի շահերն արտահայտող ու դրամավարկային ընդլայնված քաղաքականության կողմնակից։ «Շատերը համարում են, որ նավթի գների նվազումը ձեռնտու էր հենց ՕՊԵԿ երկրներին, որոնք ուզում էին շուկայից դուրս մղել Նահանգների թերթաքարային նավթը։ Եվ կարելի է ենթադրել, որ Թրամփը որպես կորպորատիվ Ամերիկայի շահերի ներկայացուցիչ, կդիմադրի դրան»,- նշել է փորձագետը։ «Շուկայական սպեկուլյանտների վարքագծի վրա, համարում է նա, կազդի ԱՄՆ Դաշնային պահուստային ծառայության քաղաքականությունը։ Թրամփը բազմիցս ասել է, որ ծնկի կիջեցնի Ուոլ Սթրիթը ու ԴՊԾ-ն հսկողության տակ կվերցնի, բայց չի բացահայտել, թե հատկապես ինչպես։ Մենք գիտենք միայն նրա տրամադրությունները, բայց չգիտենք նրա մտադրությունները։ Այնպես որ բորսայի վարքագծի վրա կազդի նաեւ այն, թե ինչպես է Թրամփը հարաբերություններ կառուցելու ԴՊԾ –ի հետ»,- ամփոփել է Ռուսլան Դզարասովը։

Նկատենք, որ Թրամփի ընտրվելուց հետո օտարերկրյա ֆինանսական մամուլում հայտնվել է տեսակետ այն մասին, որ շուկաներում ներդրողների վստահությունը կարող է նվազել, հետեւաբար կաճի ավելի կայուն ակտիվների (ոսկի, դոլար, իենա) հանդեպ պահանջարկը ու կնվազի անկայուններինը՝ այդ թվում նավթինը։