Ժամկետային զինծառայողին ծեծելով սպանած սպան ձերբակալվել եւ խոստովանել է իր մեղքը: Հիշեցնենք, որ Վայքի զորամասի վաշտի հրամանատար Անդոկ Գալստյանը դաժան ծեծի էր ենթարկել ժամկետային զինծառայող, Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ 18-ամյա Արամ Մկրտչյանին, որին օգոստոսի 28-ին տեղափոխել էին զինվորական հոսպիտալ: Մկրտչյանը, սակայն, սեպտեմբերի 1-ի առավոտյան` ժամը 08.05-ին, մահացել էր։

ՀՀ պաշտպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 8-րդ կայազորային քննչական բաժնում օգոստոսի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնական դիրքի չարաշահում եւ իշխանազանցություն) քրեական գործ է հարուցվել Վայքի զորամասի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար, կապիտան Անդոկ Գալստյանի նկատմամբ` վերջինիս կողմից Արամ Մկրտչյանին ծեծի ենթարկելու փաստի կապակցությամբ։ Օգոստոսի 29-ին կապիտան Անդոկ Գալստյանը ձերբակալվել է, եւ սեպտեմբերի 1-ին Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: «Կապիտան Անդոկ Գալստյանը` որպես մեղադրյալ, հարցաքննության ընթացքում ինքնախոստովանական մանրամասն ցուցմունք է տվել առաջադրված մեղադրանքի վերաբերյալ եւ իրեն մեղավոր ճանաչել»,- ասված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։