Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ներողություն է խնդրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից «Բելավիա» ավիաընկերության քաղաքացիական օդանավի հետ կապված միջադեպի համար։ Նա Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ մեղավորները պատժվելու են, հայտնում է «Բելթան»։
Պետության առաջնորդները պայմանավորվել են, որ համապատասխան ծառայությունները մոտ ժամանակներս անվտանգության հարցերով խորհրդակցություն են անցկացնելու ՝ նմանատիպ միջադեպերն այսուհետ բացառելու համար։
ՀԻշեցնենք, որ Ուկրաինայի իշխանությունները հոկտեմբերի 21-ին «Ժուլյանի» օդանավակայան են վերադարձրել «Բելավիա»-ի չվերթը։ Ընդ որում վերադառնալու հրահանգը ուղեկցվել է կործանիչներ օդ բարձրացնելու սպառնալիքով։ Օդանավի վայրէջքից հետո ուկրաինացի իրավապահները չվերթից հանել էին ՀՀ քաղաքացի Արմեն Մարտիրոսյանին, որին սակայն շուտով ազատ էին արձակել։ Բելառուսը բողոքի նոտա է հայտնել Ուկրաինային։ «Բելավիա»-ում նշել են, որ Ուկրաինան համաձայնել է փոխհատուցել օդանավի վերադարձի հետ կապված ծախսերը։


























