ԻՊ-ից Մոսուլի ազատագրման գործողությունը հաջողությամբ է ընթանում: ՄԱԿ-ի ռադիոյի հաղորդմամբ՝ այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին զեկուցել է Իրաքում կազմակերպության հատուկ ներկայացուցիչ Յան Կուբիշը:

Նա ողջունել է Իրաքի զինված ուժերի, քրդական բանակի եւ կամավորական ջոկատների միավորված գործողությունները, որոնք արդեն 26 օր է՝ մարտեր են մղում Մոսուլի համար: Կուբիշն ընդգծել է, որ իրաքյան իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի մարտական գործողությունների ընթացքում քաղաքացիական բնակչությունը չտուժի:

Յան Կուբիշը վստահ է, որ վաղ թե ուշ Մոսուլն ազատագրվելու է ահաբեկիչներից, բայց դա ԻՊ-ի վերջը չի նշանակում:«Ալ-Բաղդադին, այսպես կոչված ԻՊ-ի առաջնորդը, զինյալներին կոչ է արել, եթե այլ վայրերում են գտնվում, ասենք՝ Եվրոպայի երկրներում կամ Ռուսաստանում, որպեսզի մնան իրենց տեղերում եւ աշխատեն ԻՊ-ի համար»:

Հաղորդագրությունների համաձայն՝ «Իսլամական պետության» զինյալներն անցնում են Լիբիա, որն առանց այն էլ ներքին հակամարտության մեջ է: