Դոնալդ Թրամփը քաղաքական փորձ չունի, գործարար է եղել, նոր է մտնում քաղաքականություն, ուստի նրանից անակնկալներ շատ պիտի սպասենք. լրագրողների հետ զրույցում այսպես ասաց Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը՝ նշելով, որ Թրամփը ամբողջովին ուզում է փոխել քաղաքականությունը, ու Ամերիկայի ժողովուրդը համաձայն է նրա հետ:

«Թե ինչ ու ինչպես կփոխի Թրամփը, մենք չենք կարող ասել, շատ անսպասելի բաներ կարող են լինել: Բայց պետք է հաշվի առնել, որ արդեն նախագահ Թրամփը կարող է շատ տարբեր լինել թեկնածու Թրամփից, կարող է լրիվ ուրիշ վերաբերմունք  ունենա շատ հարցերում: Այս 2,5 ամսվա ընթացքում կարող է շատ բան պարզ լինել, քանի որ կտեսնենք, թե ովքեր են լինելու իր շրջապատում, որն է լինելու իր թիմը»,- ասաց Արփի Վանդանյանը:

Նրա խոսքով, ընտրությունների արդյունքում ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով զբաղվող հանձնախումբը 97 տոկոսով վերընտրվել է. «Չենք բացառում, որ պետք է իրենց հետ աշխատել: Նրանց հետ, ովքեր որ եղել են կամ, ովքեր որ վերընտրվել կամ նոր են ընտրվել, պետք է բոլորի հետ աշխատենք, պետք է մոտիկություն անենք, հասկացնենք, համոզենք, որ իրենք մեզ օգնեն: Նույն ձեւով պետք է աշխատենք նոր ընտրված նախագահի եւ իր վարչակազմի հետ, որ հասկացնենք, թե որոնք են հայերին հուզող խնդիրները»,- ասաց նա:

Արփի Վարդանյանը նշեց, որ այդ առումով իրենց խնդիրները չեն փոխվել՝ հայ-ամերիկյան հարաբերությունների բարելավում, ԱՄՆ-Ղարաբաղ հարաբերությունների խորացում եւ այլն:

«Պետք է շեշտը դնենք Արցախի խնդրի վրա, որովհետեւ տեսանք, թե ինչ եղավ ապրիլին, Ադրբեջանն ինչպես հարձակվեց Հայաստանի ու Արցախի վրա:  Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պետք է դրվի: Տեսեք Թուրքիայում ինչ է կատարվում՝ հենց Թուրքիայի քաղաքացիների կամ ազգային փոքրամասնությունների հետ, Սիրիայի խնդիրն է լուրջ: Սրանք հարցեր են, որոնք մենք բարձրացնում ենք: Հիմա մենք դա գիտենք, բայց երբ նայում ենք աշխարհի քարտեզին, հասկանում ենք, որ Հայաստանը շատ փոքր է եւ չի երեւում քարտեզի վրա, բայց գտնվում է աշխարհի կարեւոր մասում, ու դա պետք է հասկացնենք բոլորին, որ ավելի շատ ուշադրություն դարձնեն Հայաստանի խնդիրների վրա»,-ասաց նա: