Եթե տեսնում ենք, որ Թրամփը դեռեւս նորություն է ժամանակակից համաշխարհային քաղաքական էլիտայի համար եւ շատերի համար դառնում է անկանխատեսելի, ապա մնում է հույս ունենալ, որ գոնե ԱՄՆ-ը հավատարիմ է իր արտաքին քաղաքական գերակայություններին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը՝ հավելելով, որ եթե այդ հանգամանքը չկա, ապա ստիպված պետք է լինենք առաջիկա 4 տարիների համար զբաղվել գուշակություններով:
«Շատ կարեւոր են Եվրամիություն-ԱՄՆ հետագա ռազմավարությունը, քանի որ իր ամբողջ քարոզարշավը Թրամփը կառուցեց բավականին հակասական հայտարարությունների եւ թեզերի վրա, ինչը խնդիրներ առաջացրեց արժեհամակարգային դաշտում՝ կրոնական արժեքների, ազգային խտրականության, մարդկանց ձերբակալելու, մուսուլմաններին երկիր չթողնելու ելույթները նեգատիվ ընկալվեցին Եվրամիության կողմից: Սա թուլացնում է արեւմտյան երկրների՝ Եվրամիության եւ ԱՄՆ տանդեմը, ինչը պարարտ հող է ստեղծում Ռուսաստանի համար Եվրոպայում ազատ գործելու»,- նկատեց Արթուր Ղազինյանը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն առաջիկա ամիսներին կամ նույնիսկ մեկ տարի Ռուսաստանի հետ կշարունակի իր հարաբերությունները նույն ոճով, ինչը եղել է միչեւ Թրամփի ընտրությունը:
«Սպասել, որ կլինեն էական փոփոխություններ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների միջեւ, իմ կարծիքով, մի քիչ վաղաժամ է, քանի որ նախընտրական հռետորաբանությունը մի բան է, իսկ պրագմատիկ, իրական նախագահի աթոռով պրագմատիկ աշխատանքը՝ բոլորովին այլ բան: Դրա վառ ապացույցը Թրամփի ելույթն էլ ընտրվելուց հետո, երբ «հանցագործ» Քլինթոնին դարձրեց արտաքին քաղաքականության համար մեծ ներդրում ունեցած անձ»,-ասաց նա։
Արթուր Ղազինյանը նշեց, որ ընդհանրապես ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ առաջիկա տարիներին մեծ փոփոխության սպասել պետք չէ:



























