Բելառուսն ու Թուրքիան կարող են հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնել: Այս մասին Թուրքիայի նախագահի հետ նեղ շրջանակում բանակցությունների ժամանակ ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:
Նրա խոսքով՝ երկու երկրներում գրեթե քաղաքական տարաձայնություններ չկան: «Մենք միասնական մոտեցում ունենք միջազգային օրակարգի հարցերին: Շատ լավ հարաբերություններ դիվանագիտական աղբյուրներում: Այո, առեւտրա-տնտեսական հարաբերությունները մի փոքր զիջում են միջպետական եւ անձնական հարաբերություններին: Բայց անգամ այդ առումով դինամիկան դրական է եւ կա լավ առաջընթաց»,- ասել է Լուկաշենկոն:
Նա Էրդողանին վստահեցրել է, որ Բելառուսի վերաբերմունքը բարեկամ Թուրքիայի նկատմամբ շատ ազնիվ է: «Մեր բարեկամությունն ու հարաբերությունները անցել են ժամանակի փորձությունը: Բելառուսի կողմից մենք միշտ կանխատեսելի կլինենք Թուրքիայի համար, եւ մեր քաղաքականությունը միշտ կհամապատասխանի այն գծին, որը դուք տանում եք արդեն մի քանի տարի»,- ասել է Լուկաշենկոն եւ նշել, որ միջպետական հարաբերություններում քիչ դեր չեն խաղում նաեւ անձնական հարաբերությունները:




























