«Կասկածից դուրս է, որ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրոք ցանկանում են կարգավորման գործընթացը հասցնել տրամաբանական ավարտի»։ Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը՝ ԼՂՀ հռչակման 18-ամյակին նվիրված տոնակատարություններում իր ելույթի ընթացքում։
Միաժամանակ նա նշել է, որ «Ադրբեջանի ղեկավարության ներկայիս վարքագծի պարագայում բանակցային գործընթացը չի կարող ակտիվ լինել, քանզի հակամարտության հիմնական կողմը ներկայացված չէ բանակցություններում»։
«Միայն բանակցային գործընթացի ձևաչափի վերականգնումից հետո մենք կարող ենք խոսել բանակցությունների աշխուժացման մասին»,- ընդգծել է Բակո Սահակյանը։
Պատասխանելով Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զբաղեցված տարածքների ճակատագրի վերաբերյալ հարցին, Բակո Սահակյանը նշել է, որ չի տեսնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի տարածքի սահմաններում։




























