«Սասնա ծռեր» խմբի կալանավորված անդամ Գեւորգ Իրիցյանի շահերի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը դիմել է քրեակատարողական հիմնարկի պետին, որպեսզի առողջական խնդիրներ ունեցող իր պաշտպանյալը տեղափոխվի կամ քաղաքացիական հիվանդանոց, կամ էլ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Փաստաբանին պատասխանել են, որ ադ հարցը քննարկման կներկայացվի, որից հետո նոր կկարողանան պատասխանել իրեն:
Գեւորգ Իրիցյանը առողջական խնդիրներ ունի, նա կալանավորվելու օրվանից գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում:
Գեւորգ Իրիցյանը ՊՊԾ գնդի տարածքում փոխհրաձգության ժամանակ ազդրի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել, բացի այդ, նա նաեւ ողնաշարի հետ կապված խնդիրներ ունի:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 218-րդ մասով (պատանդ վերցնելը), սակայն, դատարանը գտել էր, որ նրան առաջադրված մեղադրանքներից մեկում՝ պատանդ վերցնելը, հիմնավոր կասկածը բացակայում է:
Նշենք, որ Գեւորգ Իրիցյանը Ջավախքի Ախալցխա քաղաքի բնակիչ է, նա հուլիսի 16-ին Երեւան էր եկել տարեց մորը տեսակցելու, իսկ հուլիսի 17-ին «Սասնա ծռերի» մյուս անդամների հետ գնացել է ոստիկանության ՊՊԾ գունդը գրոհելու:



























