National Geographic ամսագրի շապիկի աֆղանուհի հայտնի փախստական Շարբաթ Գուլան Հնդկաստանում անվճար բուժում կստանա: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Հնդկաստանում Աֆղանստանի դեսպան Շահիդա Աբդալին:
NDTV-ի տեղեկություններով՝ հեպատիտ С-ով տառապող Գուլան կբուժվի երկրի հարավում գտնվող Բանգալոր քաղաքի հիվանդանոցում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ արդեն ստացվել է նրան համապատասխան բուժման կուրս տրամադրելու հնդկական կողմի համաձայնությունը:
1985 թվականին Շարբաթը համաշխարհային հռչակ է ձեռք բերել, երբ նրա լուսանկարը հրապարակվել է National Geographic-ի շապիկին: Աֆղանցի աղջկան լուսանկարել էր լրագրող Սթիվ ՄակՔարին պակիստանյան Փեշավարի ճամբարում: Այդ ժամանակ Գուլան մոտ 12 տարեկան էր: Նրան անվանել են «Աֆղանական Մոնա Լիզա» եւ աֆղանական պատերազմի ողբերգության խորհրդանիշ:




























