Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը եւ «Սասնա Ծռեր» խմբավորումը հաղորդագրություն են տարածել, որում, մասնավորապես ասվում է.
«Շաբաթ օրը՝ 2016 թ. նոյեմբերի 12-ին, «1000 դրամ» խայտառակ նախաձեռնության վերաբերյալ Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության եւ «Սասնա Ծռեր» խմբավորման համատեղ հայտարարության հրապարակումից ժամեր անց հարցաքննության պատրվակով Հիմնադիր խորհրդարանի մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանի տուն է այցելել «Սասնա Ծռերի» գործով քննիչներից մեկը եւ, խախտելով քաղաքական չեզոքության վերաբերյալ օրենքի պահանջն ու անցնելով իր լիազորությունների սահմանը, փորձել է հոգեբանական ճնշում գործադրել նրա վրա եւ թափանցիկ ակնարկներ արել, թե իրենց հայտնի է, որ նա է տարածել այդ հայտարարությունը եւ որ առհասարակ նա իր ակտիվության պատճառով կարող է տուժել: Նա նաեւ Սյուզան Սիմոնյանին փորձել է հանդիմանել, թե ամեն անգամ սահմանին լարվածություն առաջանալիս մենք կատարում ենք ներքին կայունությունը վտանգող քայլեր:
Հատկանշական է, որ հոգեբանական ահաբեկչության այս գործողությանը նախորդել էր Սասնա Ծուռ Սեդրակ Նազարյանի ծնողների՝ Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղում գտնվող տան վայրագ խուզարկությունը, որը հոգեբանական ճնշումից բացի, ուղեկցվել էր նաեւ գույքի վնասմամբ: Ի դեպ՝ խուզարկությամբ փնտրվող զենք եւ զինամթերք չէր հայտնաբերվել:
«Վերջին բոլշեւիկի» դավանած ստալինաբերիական արժեհամակարգով դաստիարակված ծառաներին վերափոխելու հույսեր չունենալով, միեւնույն ժամանակ արձանագրում ենք, որ ոստիկանապետական մեթոդներն այլեւս դատապարտված են: Մեր ժողովուրդն արդեն «Սասնա Ծռերի» օրինակով ընդունելի է համարում ընդվզման անհրաժեշտությունը եւ կարճ ժամանակ հետո իր կամքը պարտադրելու է ազգադավ ու հանցավոր վարչախմբին, իսկ նրա բոլշեւիկաբարո ծառաներին կանգնեցնելու է օրենքի եւ դատարանի առջեւ»,- ասվում է հաղորդագրության մեջ։



























