Վայոց ձորի Խաչիկ գյուղի համայնքի ղեկավար Վարդան Ներսիսյանը հերքում է լուրերը, թե ինքը համագործակցել է  իրենց գյուղի այն առեւտրականների հետ, որոնք գյուղացիներին համոզել են իրենց համար վարկեր վերցնել եւ այսօր չեն կարողանում վարկը մարել։

«Ինքս էլ երաշխավոր եմ կանգնել, ինքս էլ այսօր խնդրի առաջ եմ կանգնած»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Խաչիկի գյուղապետը։

Վարդան Ներսիսյանի խոսքով, խնդիրը դեռ լուծված չէ, գյուղացիները դիմել են դատարան, որ իրենց վրայից հանվի վարկային պարտավորությունը։ Նշենք, որ տեղեկություններ կան, որ Խաչիկի գյուղապետը համագործակցել է առեւտրականների հետ՝ համոզելով գյուղացիներին վարկեր վերցնել նրանց համար։

Հիշեցնենք, որ գյուղացիներն ավելի վաղ մեզ պատմել էին, որ երկու առեւտրական իրենց խաբել են ու համոզել իրենց համար վարկ ձեւակերպել, ապա հրաժարվել են գումարը վճարել եւ իրենք անելանելի վիճակում են հայտնվել: Ամբողջ գյուղի պարտքն այժմ կազմում է մոտ 80 մլն դրամ: Առեւտրականներ Իսկանդարյանն ու Մնացականյանը մարդկանց 15-16 տարիների ընթացքում ներքաշել են վարկային պատմությունների մեջ: Բացի դրանից, գյուղացիներից մեծ մասը երաշխավոր են: