«Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անդրիաս Ղուկասյանի՝ Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու գործը տապալվել է, բայց որպեսզի շարունակեն նրան կալանքի տակ պահել, փորձ է արվում նրա գործը միացնել «Սասնա Ծռերի» գործին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը:
«Գործն, ըստ էության, տապալված է իրավական, փաստական առումով, եւ դրանում մեծ դեր ունեն նաեւ լրատվամիջոցները, քանի որ նրանց օնլայն հեռարձակումների, ինչպես նաեւ լրագրողների, օպերատորների ցուցմունքների հիման վրա մենք ապացուցեցինք, որ ոչ Անդրիաս Ղուկասյանը, ոչ Դավիթ Սանասարյանը, ոչ Արմեն Մարտիրոսյանը, ոչ էլ մյուս տղաները նման անկարգություններ չեն արել»,-ասաց փաստաբանը:
Նրա խոսքով, գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, թե ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Անդրիաս Ղուկասյանը նպատակ է ունեցել Սարի թաղից մարդկանց տանել ՊՊԾ գունդ, միանալ տղաներին եւ օժանդակել նրանց: Պաշտպանները այդ հաղորդագրությունից են իմացել, որ գործը հանձնվել է Հատուկ քննչական ծառայություն, որեւէ մեկը նրանց մինչ օրս չի իրազեկել այդ մասին:
Անազատության մեջ պահելու համար, ըստ փաստաբանի, իրավապահ մարմինները «հորինել են գործակալ Գեղամ Սարգսյանի գործոնը», որն իբրեւ թե ցուցմունք է տվել եւ ասել, որ Անդրիաս Ղուկասյանը առաջնորդել է մարդկանց դեպի ՊՊԾ գունդ։
Անդրիաս Ղուկասյանի փաստաբանններ Ինեսա Պետրոսյանն ու Կարեն Մեժլումյանը ուսումնասիրել են վկայի անցյալը եւ պարզել, որ նա երկու անգամ դատված է եղել՝ փաստաթղթեր կեղծելու եւ անկարգություններ անելու համար, մեկ անգամ էլ նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար, որը հետագայում հանվել է՝ անձի պարանոյիդ հոգեկան խանգարում ունենալու պատճառով, եւ նա բուժման է ուղարկվել:
Ինեսա Պետրոսյանի խոսքով, Գեղամ Սահակյանը Սարի թաղի դեպքերի ժամանակ երկու անգամ զանգահարել է Անդրիաս Ղուկասյանին, մեկ անգամ էլ՝ հանդիպել. «Նա ասել է, որ Սարի թաղում է բնակվում եւ անհանգստացած է, որ այնտեղ հոսանք չկա, եւ խնդրել է Անդրիաս Ղուկասյանին զբաղվել այդ հարցով, ասել է, որ սարիթաղցիները ցանկանում են հանդիպել նրան, Ղուկասյանն էլ, կասկածանքներ ունենալով, խնդրել է նրան իր հարցը գրավոր ուղղել: Անդրիաս Ղուկասյանը չի հերքել, որ ճանաչում է այդ մարդուն, բայց ասում է, որ երբեք չի զանգահարել նրան»:




























