Ապրիլի 1-30-ն ընկած ժամանակահատվածում զոհված զինծառայողների վերաբերյալ Զինդատախազության եւ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած տվյալների միջեւ կա անհամապատասխանություն:   Այս մասին այսօր` նոյեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: Նրա խոսքով` Կենտրոնական զինվորական դատախազության տվյալների համաձայն` ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում զոհվել է 82 զինծառայող, որոնցից   78-ը հակառակորդի կողմից է սպանվել: Իսկ ՀՀ պաշտպանության նախարարության տվյալներով ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում զոհվել է 82 զինծառայող, որոնցից պատերազմական գործողույթունների հետեւանքով զոհվել է 75-ը: Արթուր Սաքունցը նշեց, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ուսումնասիրություն է իրականացրել, որի համաձայն` ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում զոհվածների թիվը 78 է:

Արթուր Սաքունցը նշեց, որ քառօրյա պատերազմի ընթացքում երեք զինծառայող մահացել է ոչ պատշաճ բուժօգնություն ստանալու հետեւանքով.  «Այս դեպքերի մասին պետք է բարձրաձայնենք եւ պահանջելու ենք ուսումնասիրել եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Ինչու պետք է զինծառայողները մահանան անսարք բուժ մեքենայի, զինտեխնիկայի անսարքության համար: Մենք պահանջելու ենք ծառայողական քննություն իրականացվի, հարուցվեն քրեական գործեր նաեւ այն բանի համար, որ առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների են զորակոչել բանակ»:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանն էլ նշեց, որ զոհված զինծառայողների մահվան հանգամանքները ճշտելու եւ նրանց սոցիալական պայմաններին ծանոթանալու համար այցելել են քառօրյա պատերազմու զոհված զինծառայողների 61 ընտանիքի` զոհված զինծառայողներից Վլադիմիր Մելքոնյանի հարազատները պատմել են, որ նա ոչ պատշաճ բժշկական օգնության հետեւանքով է մահացել` բուժմեքենան, որով վիրավոր զինծառայողին տեղափոխել են, ճանապարհին մի քանի անգամ փչացել է:

«Նրա եղբայրը զինծառայողների հետ հանդիպել է, որոնք Վլադիմիրին պատգարակով իջեցրել են, այդ մասին ծառայակից ընկերներն են պատմել նրան: Մեր կողմից հանդիպումներ են տեղի ունեցել` մայիս եւ հունիս ամիսներին այցելել ենք 61 ընտանիքի, որոնց հարազատները զոհվել են ապրիլին:  Պարզվել է, որ զոհված զինծառայողների  61 ընտանիքից 23-ն իրենց հարազատի զոհվելու մասին իմացել է Զինկոմից, 6 զինվորի զոհվելու մասին գույղապետարանից են հայտնել, 5 զինվոր անհայտ կորածների ցուցակի մեջ են եղել, 13 ընտանիք տեղեկացել է դեպքի վայր մեկնելով»:

Նա նաեւ նշեց, որ զոհված զինծառայողների մեծ մասի ընտանիքներն ապրում են ծանր սոցիալական պայմաններում: