Հայ ժողովուրդը հաստատակամ է համախմբվելու եւ բանակին օգնելու հարցում: Այստեղ անտեղի է ցակացած կասկած եւ շահարկում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը՝ ելույթ ունենալով հաշմանդամության կամ զոհվելու դեպքում զինծառայողների օգտին ապահովագրական վճարումների մասին օրինագծի քննարկմանը:

Նաղդալյանի խոսքով՝ ովքեր այլ կերպ են մտածում, պարզապես ժողովրդից հեռու են կանգնած: «Իրենց ընդդիմադիր ցույց տալու ցանկությամբ նրանք ինչի մասին ասես խոսում են՝ բանակում գանձագողերի, գեներալների ամառանոց-դղյակների, ատկատների մասին, սակայն հայ անձնազոհ զինծառայողների մասին չեն խոսում: Ես անտեղի եմ համարում համաժողովրդական օգնության գաղափարը նույնիսկ ինչ-որ այլ բանի հետ համեմատելը: Այն ազգային անվտանգության հետ է կապված, իսկ այդ հարցը քննարկման ենթակա չէ»,- ասել է Հերմինե Նաղդալյանը՝ չհստակեցնելով, թե հայ շարքային զինծառայողների անձնվիրությունն ինչ կապ ունի գեներալների ատկատների եւ գանձագողության, նրանց դղյակների հետ: