Երեւանում նախօրեին տեղի է ունեցել Տաթեւի վանական համալիրի թեմայով քննարկում։

Ինչպես հայտնում են Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, նիստը վարում էր կոմիտեի նախագահ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետության խորհրդի ատենապետ Նարեկ Սարգսյանը: Նշենք, որ այս քննարկմանը նախորդել էր դեռեւս հոկտեմբերի 21-ին Տաթեւի համալիրում տեղի ունեցած մասնագիտական քննարկումը:

Քննարկման դրված օրակարգային հարցերի թվում էին՝ Տաթեւի վանական համալիրի սյուն-գավազանի հիմքերի ուսումնասիրության արդյունքները, համալիրի զանգակատան նախագծի քննարկումը, Սուրբ Պողոս-Պետրոս, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների ամրակայմանը վերաբերող, ինչպես նաեւ՝ համալիրի տնտեսական եւ օժանդակ կառույցները հավուր պատշաճի օգտագործելի դարձնելու հարցերը:

Քննարկմանը ներկա մասնագետներին Տաթեւի վանական համալիրին վերաբերող ցանկացած մանրուք հետաքրքրում էր. ընդհանուր մտայնությունը հետեւյալն էր՝ բոլոր հարցերը, լինեն դրանք բարեկարգմանը, հիմքերի ամրակայմանը, դրենաժի իրականացմանը, թե՝ կազմակերպական եւ համալիրը զբոսաշրջային առումով գրավիչ եւ ներկայանալի դարձնելուն ուղղված, պիտի իրականացվեն ամենայն բծախնդրությամբ եւ բոլոր հնարավոր ռիսկերը հաշվի առնելով: