Քաղաքակիրթ աշխարհում, քաղաքական պաշտոնին կարող է նշանակվել կուսակցության ներկայացուցիչը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն՝ անդրադառնալով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ՀՀԿ-ին անդամակցելու որոշմանը:

«Եթե ասում ենք, որ պաշտպանության նախարարի պաշտոնն այլեւս քաղաքական է, մենք կարող ենք պահանջել, որ շտաբի պետը եւ մյուսները չլինեն որեւէ կուսակցության անդամ, ինչը նորմալ է: Իսկ քաղաքակիրթ աշխարհում, եթե դա քաղաքական պաշտոն է, ապա քաղաքական պաշտոնին կարող է նշանակվել կուսակցության ներկայացուցիչը: Այնպես որ, այդ առումով այդտեղ հակասություն չկա»,-ասաց նա:

Արզումանյանի խոսքով, եթե լիներ նախկին Սահմանադրությամբ, երբ պաշտպանության նախարարը նաեւ ռազմական գործիչ է, որը ղեկավարում է բանակի առօրյան, եւ գլխավոր շտաբի պետն իր հետ համատեղ իրականացնում է բանակի կառավարումը, ապա այդ մտահոգությունը տեղին կլիներ:

Հարցին՝ նոր անդամներ համալրելով արդյոք կհաջողվի իշխանությնաը փրկել ՀՀԿ-ի դեմքը, Արզումանյանը պատասխանեց. «Հասարակությունը պետք է գնահատականը տա: Ցանկացած մարդ փորձում է իր դեմքը փոխել, բայց ստացվում է, թե ոչ, ժամանակը ցույց կտա: Այս փուլում նման կոսմետիկ քայլեր լինելու են, բայց գնահատականը տալու է ընտրողը․․․․ Այս 6 ամսվա ընթացքում կա կոնկերտ լուծելու խնդիր: Եթե այդ ընթացքում կլինեն դրական զարգացումներ, որ հասարակության կողմից լավ կընկալվի, վստահ եմ, որ հնարավորություն կտրվի շարունակելու: Եթե ոչ, կվերադառնանք ի շրջանս յուր եւ կշարունակենք նույն ոգով: Բայց ոնց որ ապրիլյան պատերազմը եւ «Սասնա ծռերի» գործունեությունը հստակ պատգամ էր իշխանություններին, որ ժողովուրդն այլեւս չի ուզում հանդուրժել նման վերաբերմունքը: Այնպես որ բաղադրիչները միմյանց հետ կաշխատեն, ինչ-որ ռեալ փոփոխություների ուղղությամբ»,-ասաց Ալեքսանդր Արզումանյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը առաջիկա օրերին դառնալու է հանրապետական: «Հաշվի առնելով Հայաստանում իրականացված Սահմանադրական փոփոխությունները, այսուհետ կարծում եմ, անհնար պետք է լինի անկուսակցական գործունեությունը: Ես ինձ համար այդ որոշումը կայացրել եմ եւ առաջիկա օրերին դիմելու եմ, որ անդամագրվեմ ՀՀԿ-ին»,-ասել էր նախարարը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: