Երեւանի քաղաքապետարանը համաձայնության է եկել որպես նվիրատվություն ձեռք բերելու «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16–ին, հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։
«Այն պայմանով, որ ձեռք բերման պահին ընկերության ակտիվները պետք է հավասար կամ ավելի լինեն պարտավորություններից, ընդ որում այդ փաստը պետք է հստակ ամրագրվի արտասահմանյան հեղինակավոր աուդիտորական կազմակերպության կողմից: Միաժամանակ հաշվի առնելով նաեւ ծառայությունների համար ներդրված սարքավորումների արդյունավետ շահագործման փորձ ունենալու հանգամանքը՝ ձեռք բերված համաձայնության շրջանակներում Երեւանի քաղաքապետարանը նախատեսում է «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնել «Լոկատոր» ՓԲԸ-ին»,– ասել է Վահե Նիկոյանը։
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Արդյունքում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման համար անհրաժեշտ ամբողջ գույքը կդառնա համայնքային սեփականություն, իսկ արդեն Երեւանի ենթակայությանն անցած ընկերությունը Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ կստանձնի այդ ակտիվներին համարժեք պարտավորությունների մարման գործընթացը:
Երեւանի քաղաքապետի տեղակալը մանրամասնել է, որ հաջորդ քայլով Երեւանի քաղաքապետարանը փոխադարձ համաձայնությամբ վաղաժամկետ կլուծի «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության հետ կնքված «Երեւան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման» գնման պայմանագիրը, ինչը ենթադրում էր վճարման հայտնի 70-30 հարաբերակցությունը: Փոխարենը ՀՀ կառավարության համաձայնությամբ ուղղակի եղանակով մինչեւ 10 տարի ժամկետով կկնքի երկու պայմանագիր, որոնցից առաջինը «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի հետ՝ վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման նպատակով՝ դրա համար անհրաժեշտ հաշվարկված եւ ֆիքսված գումարի չափով՝ հստակ սահմանելով ծառայության մատուցման չափորոշիչները: Երկրորդ պայմանագիրը կլինի «Լոկատոր ՓԲԸ-ի հետ՝ բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման ծառայության ձեռքբերման համար: Պայմանագրով հստակ կսահմանվեն այն նվազագույն արդյունքները, որոնք պետք է ապահովի «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն, եւ որոնք պետք է պակաս չլինեն նախորդ ժամանակահատվածում ձեռք բերված առավելագույն արդյունքից, որի դիմաց «Լոկատոր» ՓԲԸ-ն կվարձատրվի հստակ ամրագրված գումարի չափով:
«Գործարքի արդյունքում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման համար ներդրված ակտիվները կդառնան համայնքային սեփականություն, իսկ ավտոկայանատեղերի տուրքից Երեւանի բյուջե հավաքագրվող գումարները (հանած ծախսերը) առաջիկա տարիների ընթացքում կաճեն տարեկան առնվազն 100 մլն դրամով, իսկ դրանից հետո տարեկան առնվազն 400 մլն դրամով»,-նշել է Վահե Նիկոյանը՝ հավելելով, որ Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ գործընթացն արդեն մեկնարկել է, եւ հաշվի առնելով աուդիտորական կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների համար պահանջվող ժամկետը, ինչպես նաեւ ՀՀ կառավարության եւ Երեւան քաղաքի ավագանու համապատասխան որոշումների ընդունման անհրաժեշտությունը գործընթացի ամբողջական ավարտի համար կպահանջվի շուրջ 2 ամիս:
Անդրադառնալով վճարովի ավտոկայանտեղերի համար սահմանված տեղական տուրքերի հնարավոր փոփոխման հարցին՝ Վահե Նիկոյանն ընդգծել է, որ 2017 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելու վերաբերյալ ավագանու որոշման նախագիծն այս պահին հանրային քննարկման փուլում է եւ դրանով առաջիկայում դրույքաչափերի որեւէ փոփոխություն չի նախատեսվում:





























