2016 թվականի մայիսի 20-ին Երեւանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի մասնակից «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հրազեն հանդիսացող երկու ինքնաձիգ եւ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ հայտնաբերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որը միացվել էր ՊՊԾ գնդի գրավման գործին, մի մասի քննությունն ավարտվել է եւ կուղարկվի դատարան:
NEWS.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Ժիրայր Սեֆիլյանի գործով անցող Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը. «Մի քանի անձանց մասով գործի ավարտ է հայտարարվել, այդ առանձնացված մասը կուղարկվի դատարան:»:
Ժիրայր Սեֆիլյանի մասով եւս գործի նախաքննությունն ավարտվել է, եւ այն կուղարկվի դատարան:
Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ մայիսի 20-ի դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։ Մեղադրանք է առաջադրվել Հովհաննես Պետրոսյանին, Ներսես Պողոսյանին, Հրայր Թոփչյանին, Աշոտ Գուգուշյանին, Գալուստ Գրիգորյանին, Սասունիկ Կիրակոսյանին, Արթուր Մովսիսյանին, ով գտնվում է հետախուզման մեջ եւ Սմբատ Գալոյանին, ում նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Իսկ Ժիրայր Սեֆիլյանը մինչ այսօր անազատության մեջ է։




























