«Ուլիս-Երեւան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ, խաղադրույք կատարելու միջոցով ապօրինի շահույթ ստանալու մեջ մեղադրվող Գագիկ Սիմոնյանի գործով ակտիվ քննչական գործողություններ չեն կատարվում։ Այս մասին NEWS.am- թղթակցին ասաց Սիմոնյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:

«Սպասում ենք, թե երբ նախաքննության ավարտ կհայտարարվի»,- ասաց փաստաբանը:

Ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ 2015 թ. նոյեմբերին ֆուտբոլային «Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը եւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ եւ ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց եւ առանձին ֆուտբոլիստների միջեւ:

«Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը եւ ադմինիստրատոր Արա Ազարյանը կալանավորվել էին: Հունվարի 13-ին կալանավորվել են նաեւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը եւ ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը:

6 ամիս անազատության մեջ մնալուց հետո Գագիկ Սիմոնյանը ստորագրությամբ ազատ էր արձակվել: