2017 թվականի բյուջեի նախագիծը հրաժարականի մանիֆեստ է, իսկ մեր պետությունն արդեն գտնվում է չհայտարարված դեֆոլտի մեջ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի նախագծի քննարմնա ժամանակ նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նա իր ելույթում նշեց, որ վերջերս տեղի ունեցած երկու արտառոց իրադարձություն է եղել, որոնք կապված են մեր երկրի բախտորոշ վիճակների հետ եւ ցույց տվեցին մեր երկրի անվճարունակությունը:
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |
«Նախ ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձեւաչափով ձեռք բերված մեխանիզմների ֆինանսավորումն էր, որ մեր իշխանությունները չէին կարողանում հայթայթել այդ մի քանի միլիոն դոլարը, եւ հարցն, ի վերջո, լուծվեց ԵՄ միջոցով: Մյուսը հազար դրամների նախագիծն է, երբ պարզվեց՝ այդ հինգ մլրդ դրամը բյուջեում չկա զինվորների համար, եւ արդյունքում ունեցանք նոր հարկատեսակ: Այս երկու իրադարձությունները վկայում են մի բանի մասին, որ մեր պետությունն արդեն գտնվում է չհայտարարված դեֆոլտի մեջ: Նույնը վկայում է նաեւ բյուջեի նախագծում ներկայացված փաստաթուղթ, որտեղ եկող տարվա պակասուրդը կազմում է աներեւակայելի մի թիվ՝ 5.8 տոկոս, իսկ 2020թ., երբ պետք է սպասարկենք մեր պետական պարտքը, դրա համար կվճարվի բյուջեի 28 տոկոսը»,-ընդգծեց Զուրաբյանը:
Նրա խոսքով, եթե պետությունը մեծ պարտք ունի, դա դեռ վատ չէ, քանի որ դա աշխարհում ընդունված պրակտիկա է. «Սակայն գոյություն ունի առողջ բալանս զարգացման տեմպերի ու պարտքերի ծավալների միջեւ: Մեզ մոտ դա չի զուգակցվում: Բացի այդ, արտերկրի ուղղակի ներդրումների կատաստրոֆիկ անկում է գրանցվել: Աղետալի վիճակում է բանկային համակարգը՝ շահութաբերությունը 0 -0.6 տոկոս է, իսկ գործազրկությունն ու արտագաղթն ահռելի թվերի են հասնում»:
Լեւոն Զուրաբյանը նշել է, որ Հայաստանը գնալով ավելի շատ է խրվում պարտքի մեջ, իսկ այդ դեպքում միջազգային կառույցները տրվելիք նոր պարտքերի պայմանները սկսում են փոխել՝ ավելացնելով տոկոսները. «Երկրի շարունակական քայքայման ծրագիր է ներկայացվել: Հարգելի Կառավարություն, պետք չէ վեց ամիս էլ պահել իշխանությունը, քանի որ ամենաանարդյունավետ կերպով մսխելու եք այս երկրի հնարավորությունը, քանի որ այն փաստաթուղթը, որ բերել եք, իրականում հրաժարականի մանիֆեստ է: Մի չարչարեք ժողովրդին, թող գան նրանք, որոնք գիտեն երկրի զարգացման բանալին: Իսկ նման ծրագիր կարող է ներկայացնել միայն ՀԱԿ-ը»:




























