Ոստիկանությունն արձագանքել է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հայտարարությանը, որում նա անդրադարձել էր Երեւանի Մալաթիա թաղամասի Րաֆֆի-Ա. Բաբաջանյան փողոցների խաչմերուկում լուսացույցի անհրաժեշտության խնդրին:

Ոստիկանության պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ճանապարհային ոստիկանության կողմից ուսումնասիրվել է Րաֆֆի-Ա. Բաբաջանյան փողոցների խաչմերուկը, որտեղ կազմակերպված է շրջանաձեւ երթեւեկություն, այն դեռեւս լիովին բավարար է խաչմերուկի երթեւեկության անվտանգության ապահովման համար եւ տրանսպորտային միջոցների ու հետիոտների տարբեր ուղղություներով շարժի ինտենսիվությունը չի բավարարում գործող նորմերի պահանջներին՝ խաչմերուկում լուսացույցային օբյեկտ տեղակայելու համար:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ արդեն մշակված եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից հաստատված նախագծի համաձայն՝ Բաբաջանյան փողոցով է անցնելու «Հյուսիս-Հարավ» ծրագրով կառուցվող ավտոճանապարհի Երեւան քաղաքը շրջանցող հատվածը, որի կառուցման ժամանակ վերակառուցվելու է նաեւ Րաֆֆու-Բաբաջանյան փողոցների խաչմերուկը, որի արդյունքում նշված խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն»:

Խտրական մոտեցումն ակնհայտ է, խաչմերուկում համարյա ամեն օր վթար կա. Ահազանգում է Բախշյանը