Սահմանում, հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում մահացած ժամկետային զինծառայող Հրանտ Գրիգորյանի հարազատները դժգոհ են նախաքննությունից: NEWS.am-ի հետ զրույցում նրա պապիկը՝ Նորիկ Ավագյանը, նշեց, որ արդեն 4 ամիս  է անցել Հրանտի մահվանից հետո, սակայն, նախաքննական մարմինը նրա մահվան  հանգամանքները պարզելու ուղղությամբ որեւէ քայլ չի իրականացնում:

«Չեմ կարողանում  քրեական գործով զբաղվող քննիչներից Հրանտի մահվան վերաբերյալ որեւէ բան իմանալ, 4 ամիս է անցել, սակայն, ոչ մի կոնկրետ բան չի պարզվել: Մինչեւ հիմա հեռախոսազրույցների վերծանում են անում, հարցնում եմ՝ ինչ եք արել այսքան ժամանակ, քննիչն ասում է՝ քի՞չ բան ենք արել»:

Նորիկ Ավագյանը քրեական գործով ճանաչվել է տուժողի իրավահաջորդ: Մահացած զինծառայողի պապիկն Հրանտի ինքնասպանություն  վարկածին չի հավատում: Նա նշեց, որ անձամբ է  գնացել Հրանտի զորամաս ու համոզվել, որ նա ինքնասպան չի եղել:

«Ասում են՝ ինքնասպան է եղել, նման բան չկա, մենք չենք հավատում, որ Հրանտը նման քայլի կգնար, նա ոչ մի պատճառ չի ունեցել ինքնասպան լինելու, բացի այդ, եթե ինքնասպան է եղել, ինչպե՞ս են նրա մարմնի վրա կապտուկները հայտնվել, մարմնի վնասվածքներն ինչպե՞ս են հայտնվել: Զորամասում եղել ենք եւ ամեն ինչ պարզել ենք, զինվորներին վախեցրել էին, բոլորը նույն անգիր արած բանն էին կրկնում»:

Նշենք, որ Հրանտ Գրիգորյանի գործով կալանավորված, նրան ծեծելու, վիրավորանք հասցնելու մեջ մեղադրվում է դասակի հրամանատար Վ. Բալայանը: Հրանտի հայրը՝  Գարուշ Գրիգորյանը, պնդում է, որ նախկինում այլ զինվորների էլ է նա  ծեծել:

Ըստ ՔԿ տվյալների՝ դասակի հրամանատարը դեպքի նախորդող օրը՝ հունիսի 16-ին, ֆիզիկական բռնություն է գործադրել զինծառայողի նկատմամբ:

Նշենք, որ  Վ. Բալայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը) եւ 360-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

1997թ. ծնված Հրանտ Գարուշի Գրիգորյանը հունիսի 17-ին` ժամը 10:45-ի սահմանում, հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել:

Հրանտ Գրիգորյանն արմատներով Արարատի մարզի Մրգավան գյուղից էր, սակայն, ընտանիքով բնակվում էր Արտաշատում: Նրա հայրը Ռուսաստանում  արտագնա աշխատանքի էր, ընտանիքն այնքան էլ լավ պայմաններում չի ապրում: Հրանտ Գրիգորյանն ընտանիքի միակ տղան էր, ունի իրենից փոքր քույր:

Նշենք, որ զինծառայողի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: