Ռուսաց լեզվի պետականացումը նախկին ԽՍՀՄ երկրներում  ուղղակի անընդունելի է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, ասուլիսում հայտարարել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար  Արա Պապյանն՝ անդրադառնալով  ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան  այն հայտարարությանը, թե ռուսաց լեզուն պետք է օրենսդրական կարգավորում ստանա նախկին ԽՍՀՄ երկրներում։

«Ռուսական կողմի նկրտումն է ռուսերենը որպես երկրորդ լեզու  նախկին սովետական  հանրապետություններում  հաստատելը, ինչը միանգամայն անընդունելի է: Եթե մենք դա ընկալում ենք որպես լեզու ռուսների համար, ապա մենք բազմաթիվ միջազգային փաստաթղթեր ունենք ստորագրած ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքների մասին, եւ ի տարբերություն Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, կատարում ենք,  աջակցում ենք փոքրամասություններին։ Այսինքն՝  ռուսները այստեղ իրենց լեզվի հետ կապված խնդիր չունեն»,-ասել է Արա Պապյանը»:

Նա ընդգծել է, որ հայաստանյան  դպրոցներում ռուսաց լեզվի համար հատկացված դասաժամերն ավելի շատ են, քան այլ օտար լեզուների, ինչը հաստատում է, որ ռուսաց լեզվի համար անհրաժեշտ  մակարդակը բավարար չափով Հայաստանում ապահովվում է, եւ այն պետականացնելու անհրաժեշտություն բացարձակապես չկա։

Դիտարկմանը, թե հաշվի առնելով ռուսական կողմի նախաձեռնությունների նկատմամբ հայկական կողմի զիջողական վերաբերմունքը, մտահոգություն չկա՞, որ մերոնք ուղղակի կսատարեն այդ գաղափարը, Պապյանն արձագանքել է. «Հասարակության մեջ մի զգալի հատված կտրուկ դեմ է լինելու, անձամբ ինձ համար  լեզվի հարցը  պակաս կարեւոր չէ, քան տարածքների հարցը»։

Ըստ նրա՝ դա Եվրասիական տնտեսական միության քաղաքականության շարունակությունն է. «Պատահական չէ, որ շրջանառվում է նաեւ միասնական արժույթ ունենալու անհրաժեշտության հարցը»:

«Նման խոսակցություններ կան՝ միասնական արժույթ, հիմա էլ մեր խորհրդարանն ու Ռուսաստանը քննարկում են ընդհանուր օրինագծերի հարցը, այսինքն՝ ըստ էության Հայաստանի եւ Ռուսաստանի օրենքներն էլ դառնում են նույնը: Ռուսաստանն ասում է՝ մենք էլ ընդունենք, դուք էլ, վաղը կգա մի վիճակ՝ կասեն Մոսկվան ընդունում է, արդեն կարող է լինել բոլորի համար ընդհանուր եւ այլն։ Ռուսաստանը կրկնում է այն սխալները՝ ինչ Սովետական Միությունը»,-նշել է նախկին դեսպանը։