Զինծառայողներին աջակցելու նպատակով 1000-ական դրամ հատկացնելը միգուցե «ազգ-բանակ» գաղափարախոսության քայլերից մեկն է, բայց դրսեւորումը ճիշտ չէ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին հրավիրված ասուլիսում ասել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն՝ անդրադառնալով «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծի փաթեթին:
«Ուղղությունը ճիշտ է, բայց դրսեւորումները ճիշտ չեն: Հանգանակությունը խարսխված է վստահության վրա, իսկ հասարակությունը բանակի ու պետության նկատմամբ վստահություն չունի։ Բանակի նկատմամբ վերաբերմունքի հարցում ապրիլից հետո բավականին փոփոխություններ են տեղի ունեցել։ Մինչ այդ խաբեության մեջ էինք, որ ճիշտ է, երկիրը թալանում են, բայց հանուն բանակի է, այնինչ պարզվեց՝ այդպես չի։ Հայաստանում պիտի հասկանալ՝ էն ընտանիքը, որ զոհ կամ վիրավոր է տալիս, բացի մարդկային կորստից հայտնվում է սոսկալի սոցիալական վիճակում։ Ազգը պիտի՞ հավասարաչափ վերցնի իր վրա բեռը, իհարկե պետք է վերցնի, բայց հարց է ծագում՝ արդյոք այդ գեներալները, պետական պաշտոնյաները չեն հանդիսանում նույն ազգի անդամները։ Այսինքն ՝մարդիկ միլիոնատեր են դարձել, դոլարով միլիոնատեր գեներալներ ունենք, որ ապացուցելու խնդիր չկա՝ ինչ միջոցներից է գոյացել հարստությունը, պարզ հաշվարկ է։ Հիմա շատ կարեւոր է, քանի դեռ չեն պատժվել հանցագործները, վստահությունը չի վերականգվելու»,-ասել է Արա Պապյանը։
Նա շեշտել է, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այս նախաձեռնությունը դատապարտվեց ոչ թե 1000 դրամի պատճառով, այլ գաղափարը իրականացնելու եղանակի։ Քանի որ միշտ էլ ազգը պատրաստ է բանակին աջակցելու եւ ավելի մեծ չափով, քան իրենց նշած 1000 դրամն է։
Նա շեշտել է, որ երկրում շատ ապարդյուն ծախսեր կան, որոնք կրճատելով կարելի էր այդչափ գումար տնտեսել ու ուղղել բանակին։
«Անձնական օրինակը ամենավարակիչն է, պետությունը, իշխանությունը անձնական օրինակով պիտի ցույց տա, որ ամեն մի 1000 դրամ խնայում ու ճիշտ է ծախսում, ինչին կմիանա հասարակությունը»,-նկատել է Պապյանը:
Նա նշել է նաեւ, որ հասարակության հետ պետք է քննարկեին հարցը, ոչ թե այն մտավորականների, որոնք բոլոր ժամանակներում իշխանության կողքին են։




























