Արտակարգ իրավիճակ Երեւանի բնակելի շենքերից մեկում: Նոյեմբերի 22-ին, ժամը 21:30-ի սահմաններում Նար-Դոս 77 հասցեի բնակարաններից մեկում ջրի խողովակի պայթելու հետեւանքով մի քանի բնակարան հեղեղվել է: Դեպքի մասին բնակիչներն անմիջապես ահազանգել են ԱԻ նախարարության 911 թեժ գծի հեռախոսահամարով:

Բնակիչների բոլոր զանգերին ի պատասխան՝ հերթապահ մասի աշխատակիցը նախ բացատրել է, որ իրենք ներտնային խնդիրներով չեն զբաղվում, հարցը չի կարող լուծել նաեւ Ջրմուղը, եւ խորհուրդ տվել զանգահարել Երեւանի քաղաքապետարանի 1-08 թեժ գծի հեռախոսահամարին: Այստեղ նշել են, որ հարցը կոմունալ ծառայության իրավասության ներքո է, եւ հայտարարել, որ ոչ աշխատանքային ժամ է, խնդրի մասին տեղյակ կպահեն Կենտրոն համատիրության համապատասխան բաժնին, եւ եթե աշխատակիցներ ունենան, կգան, եթե ոչ, մասնագետների պետք է սպասել միայն առավոտյան:

NEWS.am-ի թղթակցի միջամտությունից հետո է միայն ԱԻՆ-քաղաքապետարան-Կենտրոն համատիրություն շղթայից իրավիճակին համարժեք արձագանք ստացվել: ԱԻ նախարարությունից ավագ դիսպետչեր, մայոր Պետրոսյանի ջանքերի շնորհիվ հաջողվել է գտնել Կենտրոն համատիրության ներկայացուցիչներին. եկել են, փակել խողովակի վնասված հատվածը եւ խոստացել առավոտյան գալ՝ նորոգման վերջնական աշխատանքներն անելու:

Հարց է առաջանում. ի՞նչ պետք է անեն նման իրավիճակում հայտնված քաղաքացիները: Պատկան կառույցների հետ կապ հաստատեն լրատվամիջոցների միջոցո՞վ: