Հանցավորությունն ախտահարել է Ադրբեջանի պետական կառավարման համակարգը: Այս մասին Turan-ի հետ հարցազրույցում հայտարարել է «Վիզա» իրավաբանական ընկերության ղեկավար Ասլան Իսմայլովը:

Նրա խոսքով՝ Ազգային անվտանգության նախկին նախարարությունում գոյություն ունեցող «օբշակի» եւ աշխատակիցներին «ծրարներով» պարգեւատրելու համակարգն առկա է մյուս բոլոր պետական գերատեսչություններում: Նման համակարգ է կիրառվում, որպեսզի ոչ մեկը չկարողանա հանդես գալ կոռուպցիոն-քրեական համակարգի դեմ: ԱԱՆ եւ Կապի նախարարության կալանավորված աշխատակիցների հայտարարությունների եւ ցուցմունքների համաձայն՝ ապօրինի գործողություններին մասնակցել են նաեւ այդ գերատեսչությունների ղեկավարները՝ Էլդար Մահմուդովը եւ Ալի Աբասովը:

«Եթե նրանց կալանավորեն, ապա պետք է բոլոր նախարարներին կալանավորել: Այդ դեպքում կպարզվի, որ նրանք փողը ամենավերին օղակներին են փոխանցել»,- նշել է իրավաբանը:

Այսպես՝ կապի գործող փոխնախարար Իլթիմաս Մամեդովը խոստովանում է, որ «ընդհանուր կաթսայից» ամեն ամիս 30 հազար մանաթ է ստացել: «Հեյդար Ալիեւի օրոք այդպիսի պաշտոնյան բանտում կհայտնվեր»,- ասել է նա: Իսմայլովի խոսքով՝ միջոցները «ընդհանուր կաթսա» են հոսել հետեւյալ աղբյուրներից՝ պետական բյուջեի յուրացում, պետական պատվերներից փախցրած միջոցներ, «եկամտաբեր» պաշտոնների նշանակվելու համար կաշառք:

Իսմայլովի կարծիքով՝ պետությունն ինքը հայտնվել է սնանկության շեմին եւ շուտով բյուջետային աշխատողներին չի կարողանա վճարել: Իրավիճակից ելքը կառավարության փոփոխությունն է եւ կառավարումը բարեփոխումների ընդունակ երիտասարդ կադրերին հանձնելը: Երկիրը դեպի աղետ է ընթանում, եւ այն կարելի է փորկել միայն ղեկավարության ու հասարակության համատեղ ջանքերով, կարծում է իրավաբանը: «Հեղափոխական ճանապարհն անընդունելի է, սակայն կոռումպացված պաշտոնյաներն այնքան են կողոպտել, որ կարող են Սիրիայից ոչ պակաս քաղաքացիական պատերազմ հրահրել»,- ասել է Իսմայլովը: