Ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուց հետո ոստիկանության կատարած աշխատանքը ՀՀ քաղաքացիների մեծ մասը գնահատել է բացասական: Այս մասին այսօր` նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը: Նա նշեց, որ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուց հետո հաջորդած գործողությունների ընթացքում տարբեր ինստիտուտների կողմից կատարած գնահատման արդյունքում, միայն դրական գնահատական է տրվել ԶԼՄ-ի աշխատանքին, իսկ ոստիկանության կատարած աշխատանքը քաղաքացիների մեծ մասը գնահատել է բացասական: Հարցման արդյունքում նաեւ պարզ է դարձել, որ քաղաքացիների 91 տոկոսն անձամբ չի մասնակցել այդ ընթացքում կազմակերպված հանրահավաքներին, մասնակցել է միայն հարցվածների 8.4 տոկոսը:

«Իսկ այն հարցին, ո՞րն էր հիմնական պատճառը, որ «Սասնա ծռերի» նման քայլի գնալու՝ 46 տոկոսը նշել է՝ երկրում անարդարության մթնոլորտը, 41 տոկոսը՝ երկրում ծանր սոցիալական իրավիճակը, 32 տոկոսը՝ իշխանափոխություն իրականացնելու նպատակը, 21 տոկոսը՝ ԼՂ հակամարտության գործընթացքում ոչ հայանպաստ լուծումների կանխատեսումը եւ 10 տոկոսը պատասխանել է, որ արտաքին ուժերի կողմից տրված պատվեր էր սա»: