Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող` «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի գործով վկա, «Նոր Հայաստան» շարժման աջակից Սեւակ Մանուկյանը ճանաչել է այն ոստիկանին, որը Ամանորի գիշերն իր այնպես է հարվածել, որ ինքը ուշագնաց է եղել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տված իր ցուցմունքում ասաց նա:

Սեւակ Մանուկյանը գործով ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանին ճանաչում է 1.5 տարի, ծանոթացել է «Նոր Հայաստան» շարժմանն աջակցելու ընթացքում:  Նրա պատմեց, որ 2015թ. դեկտեմբերի 31-ին գնացել են Ազատության հրապարակ՝ նշելու Նոր տարին: Նրա խոսքով՝ տոնածառի տեղադրմանը խոչընդոտել են ոստիկանները, Գեւորգ Սաֆարյանը փորձել է հարթել միջադեպը, ոչ մի հարված չի եղել նրա կողմից: Այնուհետեւ վկան տեսել է, թե ինչպես են  ոստիկանները հարվածել Հովհաննես Ղազարյանին, ոտքով պատնեշ են արել, Հովհաննես Ղազարյանը ընկել է գետնին: Նրա խոսքով՝ ինքը չի տեսել՝ ինչպես են կալանավորում Գեւորգ Սաֆարյանին, որովհետեւ նա գիտակցություն չի ունեցել՝ ուշագնաց է եղել իրեն հարվածած ոստիկանի հարվածից. «Կարմիր բերետավորները պարանոցիցս սեղմել են, հայհոյանք են հասցրել, քաշ տվել դեպի հրապարակի ծառերի կողմը»:

Նա նշեց, որ իրեն հարվածած ոստիկանին տեսել է ֆեյսբուքում, ճանաչել է լուսանկարով, նրա անունը Վարդան Ապրեսյան է:

Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին:

Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: