Ծառայողական պարտականությունները կատարելիս մահացած Պարգեւ Կարապետյանի մայրը` Սաթենիկ Սարգսյանը, բաց նամակով դիմել է Հանրապետության վարչապետին` խնդրելով լուծել իր բնակարանային խնդիրը:
NEWS.am-ի խմբագրություն ուղարկված նամակը հրապարակում ենք ամբողջությամբ.
«Ես ունեի 3 որդի: Ավագ որդիս ավարտելով Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանը մեկնեց բանակ: Պատվով կատարելով իր պարտադիր զինվորական ծառայությունը` ա տուն վերադարձավ պատվոգրերով:
2-րդ որդիս՝ 29-ամյա Ահարոն Կարապետյանը, մեկնեց զինծառայության, սակայն այդ ընթացքում ականի պայթյունից մասնակի կորցրեց ոտքը: Որդիս ոտքը կորցնելուն զուգահեռ կորցրեց նաեւ հետաքրքրությունը կյանքի նկատմամբ: Նա դարձել է շատ նյարդային, պարփակված: Ցավոք չկա մեկը, որը կօգնի որդուս դուրս գալ այս սթրեսային վիճակից: Նա գնաց բանակ` պատվով ծառայելու իր հայրենիքին, բայց այսօր նա հաշմանդամ է եւ անտեսված պետական բոլոր ատյանների կողմից: Ծնողի համար չկա էլ ավելի դաժան երեւույթ, քան տեսնել իր մատղաշ զավակին հուսահատ, անդամալույծ եւ խարխլված հոգեվիճակում: Բայց սա դեռ ամենը չէր: Մենք բանակ ուղարկեցիք մեր կրտսեր որդուն՝ Պարգեւ Կարապետյանին, որը մեծ ինտելեկտի տեր էր, սովորում էր իրավաբանական ֆակուլտետում, շախմատի ոլորտում ուներ մեծ հաղթանակներ: Բայց որդիս զոհվեց իր ծառայողական պարտականությունները կատարելիս:
Իմ հույսերը կապված իմ երեք գրագետ տղաների հետ հօդս ցնդեցին: Խարխլվեց նաեւ իմ հոգեկան աշխարհը: Ես, ամեն օր շփվելով կես մարդ դարձած որդուս հետ, խելագարության եմ հասնում: Ես ինքս 3-րդ կարգի հաշմանդամ եմ: Ավագ որդիս ամուսնացել է եւ ունի 3 մանկահասակ երեխա: Տանը որդուցս բացի ոչ-ոք չի աշխատում: Այս 8 հոգանոց մեծ ընտանիքը, որտեղ ապրում են հոգեկան ծանր դեպրեսիոն վիճակում գտնվող հաշմանդամ երիտասարդը, որդեկորույս եւ հիվանդ մայրը, 3 անչափահաս երեխաները եւ ինքնամփոփ դարձած որդեկորույս հայրը բնակվում են 2 սենյականոց փոքրիկ տան մեջ, որը քաղաքապետարանը մեզ փոխհատուցել է Սիսակյան 22 բն.12 հասցեում ունեցած իմ 3 սենյակի դիմաց` հաշվի չառնելով ոչ բնակարանի սենյակների թիվը, ոչ վիրավոր զինծառայող ունենալու փաստը: Խնդրում եմ ստուգել թե մեր տան դեպքի հետ կապված բնակարանի հատկացման քանի որոշում է ընդունվել:
Հարսս այս ճնշող մթնոլորտում ձեռք է բերել մի շարք հիվանդություններ՝ կապված սրտի, վահանաձեւ գեղձի եւ ողնաշարի հետ:
Բազմիցս դիմել եմ բնակարանիս բարելավվման համար, բայց պետական բարձրաստիճան ատյանների անտարբերությունը զոհված եւ վիրավոր զինծառայողների ընտանիքի հանդեպ էլ ավելի է խորացնում ծնողի ցավն ու կորուստը:
Հարգարժան վարչապետ, քաղաքապետ, ՊՆ նախարար, բազմիցս դիմել եմ բոլորիդ եւ ստացել անորոշ պատասխաններ: Մինչեւ ե՞րբ պիտի իմ կիսատ-պռատ դարձած ընտանիքը շարունակի ապրել 2 սենյակոմ, երբ իմ եւ որդուս խարխլված նյարդերը չեն դիմանում ծիծաղին ու խաղին եւ անդադար սաստում ենք փոքրիկներին, որ լռեն՝ խաթարելով նաեւ նրանց երջանիկ մանկությունը: Բայց այսօր միայն նրանց հայրն է մեր կերակրողն ու խնամակալը:
Փաստորեն իմ ընտանիքը դատապարտված է ձեր իսկ բոլորիդ կողմից ցմահ անտարբերության: Մեզ անընդհատ ասում են, որ ՊՆ-ում հերթի մեջ ենք, ինչի մենք հասանք միայն տարիներ շարունակ պայքարելուց եւ հեռուստատեսությամբ բարձրաձայնելուց հետո: 2010թ-ից այդ հերթը չի էլ փորձում առաջ շարժվել: Ուրեմն հարգելիներս դադարեք աչքկապոցով զբաղվել, եթե 2 զավակ հայրենիքին տված ընտանիքը պետք է այս վիճակում ապրի, ուրեմն էլ ինչո՞ւ եք բարձրաձայն կոչեր անում, դրամահավաք անում զոհվածների ընտանիքներին օգնելու համար: Որպես երկկողմանի տուժած, ինչպես նշում էր պ-րն Տարոն Մարգարյանը, հանդիսանալով եզակի դեպքերից մեկը, ակնկալում եմ իմ բնակարանային պայմաների բարելավվում»:




























