«Եղվարդշին» ընկերության տարածքում ջրագծի խողովակները հատել-մասնատելու աշխատանքներ կատարելու ժամանակ 12 հեկտար այգիների հրդեհից տուժած սահմանապահ Վերին Կամիրաղբյուրի բնակիչները մտավախություն ունեն, որ դատարանը կարդարացնի «Եղվարդշին» ընկերության եռակցողին:

Նշենք, որ եռակցողը դատարանի վճռով տուգանվել էր 2014թ. օգոստոսին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում 12 հեկտար այգիների հրդեհվելու գործով, սակայն, Վերաքննիչը Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել եւ այն կրկին ուղարկել էր Առաջին ատյանի դատարան: NEWS.am-ի հետ զրույցում հրդեհի հետեւանքով վնասված այգիներից մեկի սեփականատեր Վազգեն Մանուչարյանը նշեց, որ գործով փորձագետը դատական նիստին պնդել է, որ չի կարելի ապացուցել, որ եռակցողի պատճառով է այգու հրեդեհն առաջացել: Վազգեն Մանուչարյանը պահանջում է, որպեսզի գործում նոր փորձագետ ներգրավվի, քանի որ հրդեհված այգիների սեփականատերերը չեն վստահում նրան:

Նշենք, որ դատարանը մեղավոր էր ճանաչել եռակցողին եւ նրան տուգանել 300 հազար դրամով, որն այդպես էլ «Եղվարդշին» ընկերության դեմ ներկայացրած փոխհատուցման քաղաքացիական հայցի ճակատագիրը դեռ անորոշ է:

Հիշեցնենք, որ 12 հեկտար այգիները հրդեհվել էին «Եղվարդշին» ընկերության տարածքում ջրագծի խողովակները հատել-մասնատելու աշխատանքներ կատարելու ժամանակ: Եռակցման սարքից թռած կայծերը, դիպչելով չոր, չհնձված խոտին, հրդեհ էին առաջացրել: Ըստ տուժածների, այդ կազմակերպությունը շինարարության թույլտվություն չի ունեցել եւ այն ստացել է դեպքից հետո: Տուժած գյուղացիները բողոքել էին, որ «Եղվարդշինի» տնօրենն իրենց վիրավորել է, չի ցանկանում փոխհատուցել վնասները: Նրանք բողոքի ակցա էին անցկացրել նախագահական նստավայրի դիմաց, ճանապարհ փակել Տավուշի մարզում: