Երեւանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վերելակում հոկտեմբերի 30-ին արգելափակված 62-ամյա Ռիտա Դոդոյանին Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի Էրեբունի բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը:
«Արդեն լավ է, հիվանդասենյակում է: Նաեւ կամաց-կամաց քայլում է, շուտով կկարողանա հենակներով նույնպես քայլել»,-ասաց նա:
NEWS.am-ին Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական բաժնից տեղեկացրել էին, որ վերելակը արգելափակվել է տեխնիկական պատճառով՝ վերելակի վթարը տեղի է ունեցել, մասնավորապես, ռելեի շղթայի խափանման պատճառով։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վերելակի վերին հատվածի եւ 6-րդ հարկի հատակի միջակայքում արգելափակվել է 62-ամյա քաղաքացի, որը տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Հիվանդանոցում կնոջ ոտքը վիրահատել են։ Կինն ունի սրունքի բաց կոտրվածք, թոքերի սալջարդ, կողերի եւ ամրակի կոտրվածք:




























