Երեւանի Խորենացի փողոցում հուլիսի քսանին զանգվածային անկարգություններ կատարելու մեջ մեղադրվող Ռաֆայել Կարագյոզյանն այսօր` նոյեմբերի 24-ին, դատարանից խնդրեց մեղմ պատիժ սահմանել:
《Ես ոստիկանության ներքին զորքերում եմ ծառայել եւ 2008թ. մարտի մեկին եմ մասնակցել եւ գիտեմ, որ ոտքին հարվածը չէր կարող մեծ վնաս հասցնել: Ընդունում եմ իմ մեղավորությունը, ընդամենը երեք անգամ ոտքին եմ հարվածել, դա էլ չէր լինի, եթե չհայհոյեին: Ամեն դեպքում կարծում եմ` այդ օրը հայտնվել էի ոչ ճիշտ տեղում ոչ ճիշտ ժամանակին: Հարգելի դատարան, խնդրում եմ մեղմ պատիժ սահմանել, ես էլ այլեւս երբեք նման բան չեմ անի》,- Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց Ռաֆայել Կարագյոզյանը:
Ամբաստանյալի պաշտպան Լիանա Մանսուջանյանն էլ իր հերթին խնդրեց հաշվի առնել հանգամանքը, որ իր պաշտպանյալը մասնակցել է ապրիլյան պատերազմին, իր խնամքին ունի ծնողներ եւ պատրաստվում է առաջիկայում ամուսնանալ:
Նշենք, որ մեղադրողը եւ Կարագյոզյանի եւ Արշակ Սադոյանի որդու` Արեգ Սադոյանի համար պահանջեց երեք տարվա ազատազրկում, սակայն միջնորդեց Սադոյանի դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառել:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` դատավճիռ կայացնելու: Հիշեցնենք, որ դատաքննությունն անցկացվել է արագացված կարգով, քանի որ նման միջնորդություն էին ներկայացրել ամբաստանյալները` հայտարարելով, որ իրենց առաջադրված մեղադրանքներն ընդունում են:
Ըստ մեղադրական եզրակացության` Ռաֆայել Կարագոզյանը 2016թ. հուլիսի 20-ին Երևանում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ոտքով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշել և փորձել է խլել մեկ այլ ոստիկանության աշխատակցի վահան: Արեգ Սադոյանը նույնպես ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է պատիժ երեքից ութ տարի ժամկետով: Նրանք կալանավորված են:




























