Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ՝ ավարտվում է Երեւանում 5 հասարակական շենքերի աուդիտը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ծրագրի փորձագետ Տիգրան Սեկոյանը։
Ծրագրի համար ընտրել են 2 մանկապարտեզ, Պատանի հանդիսատեսի թատրոնը, Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը եւ քաղաքային պոլիկլինիկաներից մեկը։
Ճիշտ ջերմամեկուսացումը կարող է էներգիայի սպառումը կրճատել 50-60 տոկոսով եւ դրա հետ մեկտեղ տաք մնալ։ Հիմա ընտրած մանկապարտեզներում ջեռուցման համար անհրաժեշտից 2-3 անգամ պակաս է ծախսվում, բայց դա լավ կյանքից չէ։
«Մենք ուզում ենք ցույց տալ, թե ինչպես կարելի է տնտեսել, բայց ոչ առողջության հաշվին, այլ նոր տեխնոլոգիաների օգնությամբ»,– ասել է Սեկոյանը։
Ջերմամեկուսացման առավելություններն արդեն երեւում են. 2012-13 թվականներին մասնագետները ջերմամեկուսացում են իրականացրել Ավանի 9-հարկանի շենքերից մեկում։ Հաջորդ ձմռանը շենքի բնակիչները ջեռուցման համար 58 տոկոս քիչ են վճարել։ Նախագիծն իրականացվել էր UNDP–ի եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ հուշագրի շրջանակներում, UNDP/GEF-ի ֆինանսավորված «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրով:
Սակայն խնդիրն այնքան էլ հեշտ չէ լուծել։ Տասնամյակներ առաջ կառուցված շատ շենքեր հաշվարկված չեն կայունության անհրաժեշտ բալերով։
«Էներգաարդյունավետության տեխնոլոգիաներ տեղադրել շինություններում, որոնք մի քանի տարի անց պետք է վերակառուցվեն, ինքներդ հասկանում եք՝ այդքան էլ պրակտիկ չէ։ Բայց պետք է գոնե հեռանկարում հասկանաք, թե որտեղ եւ ինչքան կարելի է տնտեսել։ Դրա համար էլ մենք աշխատում ենք»,– ասել է Սեկոյանը։
Էներգետիկ աուդիտի ավարտից հետո դրա արդյունքները կներկայացվեն Երեւանի քաղաքապետարանին։ Փաստաթղթերով հնարավոր կլինի հայտ ներկայացնել քաղաքային տնտեսության եւ բնակֆոնդի ջերմային պաշտպանության վարկերի համար։
60 տոկոս տնտեսել ջեռուցման վրա. EIB աջակցությամբ ծրագիրը Երեւանում ավարտում է 5 շենքերի աուդիտը
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























