Ազգային ժողովի պատգամավոր Կարո Կարապետյանին («Յուվեցի Կարո») 6 տարի առաջ միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Արթուր Զադոյանը մեղավոր է ճանաչվել, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության հիմքով:
Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է նաեւ Արթուր Զադոյանին Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին և 137-րդ հոդվածի 1-ին մասերով մեղսագրվող արարքների կատարման մեջ ճանաչել և հռչակել անմեղ և արդարացված` Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ապացույցների անբավարարության և նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները սպառված լինելու հիմքով:
Նշենք, որ դատախազը պահանջում էր գործը կարճել վաղեմության հիմքով, մինչդեռ Կարապետյանի փաստաբանը պնդում էր, որ մեղադրանքը պետք է վերաորակել:
Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերին, Երասխ-Երեւան ավտոճանապարհին, Մարմարաշեն գյուղի հատվածում, ԱԺ ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանն իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ, Արարատի մարզպետարանի աուդիտոր Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Արթուր Զադոյանը ավտոմեքենայի համարանիշ ամրացնելու բանալիով հարվածել էր Կարո Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին եւ աջ ոտքին: Կարո Կարապետյանը նաեւ ծեծի էր ենթարկել Արթուր Զադոյանին, որը ոտքերի հարված էր ստացել գլխին եւ ուղեղի ցնցում ստացել: Զադոյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին եւ 3 վիրահատության ենթարկվել:
Գործը Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել միայն 2014թ. հուլիսին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Զադոյանն ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել կրել հրազեն եւ ռազմամթերք եւ Կարո Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս եւ տվել սպանության սպառնալիքներ:
Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավորի եւ Զադոյանի միջեւ թշնամանքի պատճառը խոշոր գումարն է՝ 57 հազար 6 հարյուր ԱՄՆ դոլար, որը պատգամավորի պնդմամբ՝ Զադոյանը պարտք է իրեն։ Զադոյանի պնդմամբ՝ պատգամավորն է պարտք իրեն։




























