Երեւանում այսօր` նոյեմբերի 25-ին, տեղի է ունեցել «Չլինել անտարբեր բռնության հանդեպ» խորագրով երթ` ուղղված կանանց նկատմամբ բռնություններին:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթը կազմակերպել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ն: Այն մեկնարկել է Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի բակից, այնուհետեւ ցուցարարները քայլել են Աբովյան- Ալեք Մանուկյան- Խանջյան փողոցներով եւ ավարտել ակցիան Մանկավարժական համալսարանի մոտ: Ցուցարարների խոսքով` այս տարի կարևորվում է կրթության հիմնախնդիրը, և թե ինչ հետևանքներ կարող է ունենալ գենդերային հիմքով բռնությունը՝ կրթության հավասար իրավունքի իրացման վրա, հատկապես նրանց, որոնք տարբեր ինքնություններ ունեն և ավելի մարգինալացված են:
Ցուցարարները հորդորել են զերծ մնալ կանանց նկատմամբ բռնություններից: Նրանք իրենց հետ նաեւ պաստառներ էին բերել, որոնց վրա գրված էր վերջին տարիներին բռնության զոհ դարձած կանանց մասին փոքրիկ պատմություններ:
Նշենք, որ «Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյակ»-ը կազմակերպվում է նոյեմբերի 25-ից մինչեւ դեկտեմբերի 10-ը. անցկացվող միջոցառումների շրջանակում մարդիկ հնարավորություն են ստանում` համատեղելու իրենց ջանքերն ըննդեմ գենդերային բռնության։ Քարոզարշավն ուղղված է ամբողջ աշխարհի կանանց և աղջիկների նկատմամբ բռնության նվազեցմանը, կանանց իրավունքները բարձրաձայնելուն և նրանց ձայնը լսելի դարձնելուն:



























