Արտաքին շուկայում հայկական ձկնամթերքն իր մրցունակությունը կարողանում է պահպանել հենց բրենդի եւ որակի շնորհիվ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ հանդիպման ժամանակ նշել են «Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության անդամները:
Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են էր նաեւ հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Բունիաթյանը:
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Հանդիպման սկզբում նախարարը ձկաբույծներին կոչ է արել բաց եւ արդյունավետ երկխոսության` ներկայացնելու իրենց տեսակետը մեր երկրում ձկնաբուծության ոլորտում առկա խնդիրների ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ, ոլորտի առավել արագընթաց եւ նպատակային զարգացումն ապահովելու նպատակով:
«Մենք գյուղատնտեսության ոլորտի բոլոր ճյուղերի ներկայացուցիչների հետ հանդիպումների շարք ենք նախաձեռնել` դեմ առ դեմ քննարկելու բոլոր ցավոտ խնդիրները, որոնք կուտակվել են այս տարիների ընթացքում եւ երկուստեք աշխատանքի միջոցով գտնելու դրանց առավել իրատեսական եւ արդյունավետ լուծման տարբերակները»,-իր խոսքում նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է ձկնաբուծությունն առանց երկրի էկոլոգիային վնաս հասցնելու եւ ջրային պաշարների առավելագույնս խնայողաբար օգտագործելու միջոցով զարգացնելու հնարավորությունները` անդրադառնալով ջրօգտագործման փակ ցիկլով համակարգերի կիրառման հարցին: Ձկնաբույծների խոսքով` այս համակարգի կիրառումը ոչ միայն ծախսատար է, այլեւ բացասաբար կանդրադառնա արտադրած ձկնամթերքի որակական հատկանիշների վրա, ինչը կհանգեցնի սպառման ծավալների էական կրճատման, քանի որ արտաքին շուկայում հայկական ձկնամթերքն իր մրցունակությունը կարողանում է պահպանել հենց բրենդի եւ որակի շնորհիվ:
Փոխարենը նրանք առաջարկել են առավել բալանսավորված օգտագործել ընդերքի ջրային պաշարները` ընդգծելով, որ ճիշտ բաշխման դեպքում ինքնավերականգնվող ջրային պաշարները բավարար են ձկնաբուծության առկա ծավալները նույնիսկ կրկնապատկելու համար: Հանդիպման մասնակիցները մասնավորապես շեշտել են ցածրադիր վայրերում գործունեություն ծավալող տնտեսավարողների նկատմամբ վերահսկողություն սահմանելու անհրաժեշտությունը, եւ որպես լուծման առավել արդյունավետ տարբերակ` առաջարկել ջուրը տրամադրել քվոտավորված` ըստ արտադրության ծավալների:
«Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Բունիաթյանի խոսքով` 1լ/վ ջրով տարեկան կտրվածքով կարելի է արտադրել 700 կգ ձուկ:
Նախարարը նշել է, որ առաջարկը քննարկման կներկայացվի շահագրգիռ գերատեսչություններին, եւ արդյունքների մասին նախարարությունը տեղյակ կպահի ներկաներին:
Բարձրացվել են նաեւ ջրի վարձավճարներին, ձկնկիթի մաքսազերծմանը, արտահանման խթանմանը, ոլորտում մրցակցության եւ հավասար խաղի կանոնների պահպանմանը, ներմուծվող ձկան կերի հարկմանն առնչվող եւ այլ հարցեր:





























