Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Պետրոսյանը, որը Կառավարության որոշմամբ առաջիկայում պետության միջոցներով կմեկնի Գերմանիա` բուժումը շարունակելու, Ագարակ քաղաքի բնակիչ է, վիրավորվել էր ծառայակցի գնդակից:

Մհեր Պետրոսյանը վիրավորվել է 2013թ. հունվարի 14-ին: Այդ ժամանակ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ ժամկետային զինծառայողը վիրավորվել է ծառայակցի արձակած կրակոցից, փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթեքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարակաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որը մարդու առողջությանը անզգուշացությամբ պատճառել է ծանր վնաս):

Ավելի ուշ, այս գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Բալասանյանին: Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Բալասանյանին մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 2.5 տարվա ազատազրկման` պատժի սկիզբը հաշվելով 2013թ. հունվարի 14-ից: Ստացվում է, որ Բալասանյանն արդեն ազատության մեջ է, իսկ Պետրոսյանը արդեն շուրջ 4 տարի պայքարում է ապրելու համար:

Նշենք նաեւ, որ Տիգրան Բալասանյանը ծառայակից ընկերոջ վրա «կատակով» է կրակել: Պարզվում է` ՀՀ ՊՆ զորամասի մարտական հենակետերից մեկի խոհանոցում Բալասանյանը Պետրոսյանին դեպքի օրն ասել է. «Պատկերացրու` դու թուրք լինեիր, ու ես քեզ գերի վերցնեի, հրամանատարության կողմից կխրախուսվեի»: Այնուհետեւ կարծելով, թե ինքնաձիգի փակաղակի ապահովիչը գտնվում է չկրակելու դիրքում, Տիգրանը ցանկացել է կատակել համածառայակից, նույն հենակետի կրտսեր սերժանտ Մ. Պետրոսյանի հետ, իսկ կատակն առավել համոզիչ դարձնելու համար փորձել է կատարել զենքի լիցքավորման իմիտացիա, այն է` փակաղակը փոքր ինչ հետ է քաշել, արդյունքում ինքնաձիգը լիցքավորվել ու ձգանը սեղմելուց հետո կատարվել են երկու կրակոցներ, դրանով Մ. Պետրոսյանի առողջությանն անզգուշությամբ պատճառել գլխի հրազենային, գնդակային, թափանցող, միջանցիկ վիրավորում` ուղեկցված աջ կիսագնդի ուղեղանյութի ջնջխում:

Մհեր Պետրոսյանի ընտանիքն այդ ժամանակ նաեւ քաղաքացիական հայց էր ներկայացրել, որը մերժվել էր: Ի դեպ, զինծառայողի բուժումը Գերմանիայում կազմակերպելու համար ՀՀ կառավարությունը 26 մլն դրամ է հատկացրել: