Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Հրայր Իսախանյանը կմնա անազատության մեջ: Այսօր` նոյեմբերի 25-ին, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց գործով ամբաստանյալի շահերի պաշտպան Գրիշա Բալասանյանի միջնորդությունը` Հրայր Իսախանյանին ազատ արձակելու մասին:

«Ապացույցները հիմնականում տեսագրված են, եւ պաշտպանյալս չի կարող ազդել քրեական գործի նախաքննության վրա, ամեն ինչ հստակ ֆիքսված է, գործն ուղարկված է դատարան: Անձին  պահելով անազատության մեջ այս պայմաններում, խախտվում է նրա իրավունքները»,-ասաց Գրիշա Բալասանյանը:

Քրեական գործով մյուս կալանավորված Անդրանիկ Քյոսեյանի շահերի պաշտպան Դավիթ Մնացականյանն էլ միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակել` դատարանին ներկայացնելով իր պաշտպանյալի բնութագիրը:

Դատարանը միջնորդությունը կքննարկի հաջորդ դատական նիստին:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը 2016թ․ հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են: Կալանավորվածների հարազատները մինչդեռ պնդում են՝ նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները։